Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակին:
Արդյունավետ գնահատելով ԵՆԲ հետ համագործակցությունը՝ վարչապետը կարևորել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումը: Կարեն Կարապետյանն անդրադարձել է տարբեր բնագավառներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի համար առավել նպաստավոր դաշտի ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը:
Վազիլ Հուդակը, իր հերթին, նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստակամ է շարունակելու ՀՀ կառավարության հետ փոխշահավետ գործակցությունը համատեղ նախանշված ուղղություններով և կյանքի կոչելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել հետագա քայլերին և համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է Հայաստանում կատարել մոտ 212 մլն եվրոյի ներդրումներ: Ընդ որում, միայն վերջին երեք տարիների ընթացքում ԵՆԲ-ն էականորեն ավելացրել է ներդրումների ծավալը Հայաստանում: Հայաստանի հետ Բանկի համագործակցությունը հիմնված է երեք հիմնական ոլորտներում`էներգամատակարարում, ենթակառուցվածքների զարգացում և աջակցություն, աջակցություն ՓՄՁ ոլորտին:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

