Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 19:30
Նաիրա Բադալյան

ՀՀ ֆինանսների նախարարությունը հոկտեմբերին կդիմի ԱՄՆ գործընկերներին, կրկնակի հարկումը բացառելու խնդրանքով

ՀՀ ֆինանսների նախարարությունը հոկտեմբերին կդիմի ԱՄՆ գործընկերներին, կրկնակի հարկումը բացառելու խնդրանքով

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը կրկին  հոկտեմբերին կդիմի ԱՄՆ գործընկերներին, կրկնակի հարկումը բացառելու խնդրանքով: Այս մասին հուլիսի 27-ին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, այդ հարցը միշտ եղել է հայ-ամերիիկյան հարաբերությունների օրակարգում: «Այն երկրները, որտեղ որ կա կրկնակի հարկման համաձայնագիր, որոշակի վստահություն են ներշնչում տնտեսվարողին, որպեսզի հետագայում, եթե ինչ-որ առումով տեղի ունենան որոշակի տարաձայնություններ, խաղի կանոններն ավելի հստակ լինեն, մենք մշտապես ամերիկյան մեր գործընեկերների հետ այս հարցը քննարկում ենք»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Հայաստանն օրեր առաջ կրկնակի հարկման մասին համաձայնագիր ստորագրեց Իսրայելի հետ ։ «Ինչը նախանշում է, որ սա մեզ համար կարևոր է: Այսօր  ունենք 46 երկիր, որոնց հետ կնքել ենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր, Իսրայելը դարձավ 47-ը, հուսով ենք, որ Միացյալ նահանգները հաջորդը կլինի»,- նշեց Վարդան Արամյանը։
Թե ի՞նչ ժամկետներում Հայաստանը կունենան ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիր, Ֆինանսների նախարարը նշել է, որ «բարդ է ասել»։ «Կարծում եմ, որ մենք մեր ամերիկյան գործընկերների հետ դեռևս աշխատանք ունենք անելու, որովհետև այս հարցը, եթե հիշողությունս չի դավաճանում, ավելի քան 20 տարի է՝ քննարկվում է»,- նշել է նախարարը։

Վարդան Արամյանն ընդգծեց՝ այս հարցում ամերիկյան կողմն ունի իր փաստարկները։ «Ներկա դրությամբ գործում է նաև նախկին՝ Խորհրդային միության ու Միացյալ Նահանգների միջև գործող համաձայնագիրը, մեր կարծիքով՝ դա ժամանակավրեպ է, որովհետև այսօրվա դրությամբ՝  ՏՀԶԿ-ի կողմից մշակվել են ուղղություններ ու ընդհանուր  շրջանակներ՝ կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շրջանակում: Մենք վստահ ենք, որ գործողը չի համապատասխանում դրան և, գումարած, Հայաստանը չի հանդիսանում Խորհրդային Միությանը իրավահաջորդ»,- նշել է նա։

Արամյանի խոսքով՝ Հայաստանը չի կիսում այս կարծիքը։ «Մեր հակափաստարկն այն է, որ, կարծում ենք, այս պահի դրությամբ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բացառումը կարող  է նաև խոչընդոտել, որպեսզի տնտեսվարողները որոշում կայացնեն և ներդրումներ իրականացնեն երկուստք՝ այսինքն դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի ԱՄՆ, որովհետև յուրաքանչյուր տնտեսվարող ներդրում կատարելուց պետք է վստահ լինի, որ  հարկման դաշտն իր համար ընկալելի է ու կայուն»,- ավելացրել է Արամյանը։