Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացված՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին որոշումը: Մեղրիի ԱՏԳ-ն, որի գործարկումն ավելի վաղ հայտարարվել էր 2017 թ. հոկտեմբերին, այսօր չի կարող հայտարարել ինչպես հավանական ներդրողների, այնպես էլ՝ գոտու հնարավոր շահագործողների մասին:
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ներկայացնելով փաստաթուղթը, նշել է, որ եռամսյա ժամկետում հաստատվելու է ընկերության կանոնադրությունը, ձևավորվելու է գործադիր մարմինը և իրականացվելու է պետական գրանցումը:
Ինչպես կառավարության նիստից հետո հայտարարել է Գարեգին Մելքոնյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, ԱՏԳ ստեղծումը ենթադրում է փուլային բնույթ. առաջին փուլում նախատեսվում է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։ Դրան կհաջորդի ԱՏԳ ընկերությունների ներգրավումը և համապատասխան արտոնությունների տրամադրումը: Ընդհանուր առմամբ այդ նախաձեռնությունը հարկավոր է դիտարկել տարածածրջանային զարգացման, մասնավորապես՝ Սյունիքի մարզում տնտեսական ակտիվության խթանման համատեքստում, նշել է նա:
Գարեգին Մելքոնյանը հիշեցրել է, որ վերջին ժամանակներս նկատելի է դարձել Իրանի նկատմմաբ պատժամիջոցային ռեժիմի թուլացում, ինչի հետ կապված՝ արևմտյան երկրներն սկսել են որոշակի շահագրգռվածություն ցուցաբերել իսլամական երկրում ներդրումների իրականացման հարցում: «Այս առումով Հայաստանը փորձում է նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի ընկերությունները, տեղակայվելով այստեղ, կարողանան աշխատել Իրանի հետ»,- հայտարարել է փոխնախարարը:
Ինչ վերաբերում է Մեղրիի ԱՏԳ ստեղծման նախագծին մասնակցությամբ շահագրգռված ներդրողներին, ինչպես նշել է Մելքոնյանը, որպեսզի ներդրողներն աշխատեն ազատ տնտեսական գոտում, այն պետք է ունենա սահմանազատված տարածք, մաքսային ռեժիմի ապահովման համար անհրաժեշտ պայմաններ:
«Երբ ավարտվեն այդ աշխատանքները, մենք ձեռնամուխ լինենք ԱՏԳ շահագործողների ներգրավման փուլին»,- հայտարարել է նա: Փոխնախարարը չի նշել նաև ԱՏԳ ենթադրվող գործարկման հստակ ժամկետները:
Հիշեցնենք, որ կառավարությունը մարտի 30-ի նիստում ընդունել էր «ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներակայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» որոշում: «Արդեն 2017-ի աշնանը հնարավոր կդառնա ԱՏԳ գործարկումը»,- այդ ժամանակ հայտարարել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ավելի վաղ արված հայտարարության համաձայն, Հայաստանի կառավարությունը ԱՏԳ շահագործողի կարգավիճակ ստանալու համար բազմաթիվ հայտեր է ստացել տեղական, ռուսական, իրանական և եվրոպական ընկերություններից: Մինչդեռ այսօր գերատեսչության ներկայացուցիչները ձեռնպահ են մնում հստակ անուններ և երկրներ նշելուց, որոնք շահագրգռված են նախագծին ֆինանսական մասնակցությամբ:
Հայաստանի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման ծրագիրը գնահատվում է 28 մլն դոլար, իսկ հաշվի առնելով ընթացիկ ծախսերը՝ ընդհանուր գումարը կարող է կազմել շուրջ 32 մլն դոլար: Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, ակնկալվում է, որ ԱՏԳ կազմակերպող ընկերության շահույթը կկազմի 52 մլն դոլար: Ըստ կանխատեսումների, 10 տարում կներգրավվի 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն դոլարի ապրանք: Նպատակային ուղղությունները կլինեն Իրանը, Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրները: