Արմինֆո. Անհրաժեշտ է վերանայել պետական գույքի վարձակալության կարգը: Օգոստոսի 10-ին կառավարության նիստում այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության տրամադրման կարգի և դրա գործնականում կիրառման վերաբերյալ: «Գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել կամ, երբ վարձակալության հանձնված գույքը ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է ենթավարձակալության: Առկա են նաև խնդիրներ համապատասխան գույքի վերաբերյալ ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման հսկողության մասով: Այս իրավիճակը պայմանավորված է և՛ 2001 թվականին ընդունված կարգի վերանայման անհրաժեշտությամբ, և՛ կադաստրային արժեքի, շուկայական արժեքի գործնականում առկա անհամաչափություններով, ինչպես նաև ներդրումային ծրագրերի նկատմամբ ոչ լիարժեք հսկողական մեխանիզմների առկայությամբ», - նշել է վարչապետը:
Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետին և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է մեկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական հիմնարկներին հանձնված գույքի՝ վարձակալության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, մասնավորապես անդրադառնալով վարձավճարի հաշվարկման բանաձևին, հսկողական մեխանիզմների կատարելագործման, կադաստրային արժեքի և շուկայական արժեքի անհամաչափություններին, միաժամանակ ուսումնասիրելով նման գույքի ենթավարձակալության տրամադրման արգելքի սահմանման հնարավորությանը։
RUB | 4.26 | -0.06 |
USD | 387.15 | 0.06 |
EUR | 427.49 | -2.45 |
GBP | 506.43 | -3.25 |
CAD | 285.40 | -1.48 |
JPY | 26.95 | -0.15 |
CNY | 54.40 | -0.26 |
CHF | 456.06 | -3.50 |