Արմինֆո. Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի:
Երկու հանրապետությունների վարչապետները սկզբում ծանոթացել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարական աշխատանքներին՝ կարևորելով այդ ճանապարհի նշանակությունը՝ թե՛ ռազմավարական և թե՛ հարակից շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյուններից:
Վարչապետներն այնուհետև մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին: «Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի գործարանի հիմք ենք դնում: Այս նախագիծն իրագործվում է օտարերկրյա ներդրումով՝ նպատակ ունենալով մեծ ծավալներով արտահանել Քարվաճառի ջուրը: Այն նշանակալի ազդեցություն է թողնելու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ, ըստ նախագծի՝ սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ՝ խթանելով նաև շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ուստի, կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանըե,- նշել է վարչապետ Հարությունյանը:
ԱՀ և ՀՀ կառավարությունների ղեկավարներն նաև այցելել են Լև գետի վրա կառուցվող «Լև-1ե և Թարթառ գետի վրա գործող «Ջերմաջուրե հիդրոէլեկտրակայաններ, ծանոթացել դրանց արտադրական հնարավորություններին: Ա. Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին կառուցված ՀԷԿ-երի շնորհիվ՝ Արցախը դարձել է էլեկտրաէներգիայի սպառման առումով ինքնաբավ, ինչպես նաև բացվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր:
Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ 2017թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետությունում արտադրվել է 184.9 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.87%-ով, կամ 16.6 մլն կՎտժ-ով: Արցախում գործում են 16 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Սարսանգ ՀԷԿ՝ 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 15 փոքր ՀԷԿ–եր՝ 56.4 ՄՎտ ընդանուր դրվածքային հզորությամբ: Միայն 2017թ. շահագործման է հանձնվել 2 փոքր ՀԷԿ՝ Ջերմաջուր 10.3 ՄՎտ հզորությամբ) և Վիկինգ (1,8 ՄՎտ հզորությամբ) ՀԷԿ–երը: Հանրապետությունում իրականացվում է ևս 9 փոքր ՀԷԿ–երի կառուցման աշխատանքներ, որոնց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը կազմելու է շուրջ 263,02 մլն Կվտ/ժ: