Արմինֆո. Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) այսօր կնքել է հերթական արտահանման ապահովագրության վկայագիրը Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող Քյուբ ընկերության հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԱԱԳ մամուլի ծառայությունից, արտահանման ապահովագրության վկայագրերը «Քյուբ» ընկերությանը հնարավորություն են տալիս խուսափել բջջային հավելվածի վաճառքից սպասվող հասույթի չվճարման ռիսկերից, միևնույն ժամանակ ստանալ ֆինանսավորում՝ առանց գրավի պահանջի, պարզեցված ընթացակարգով և մատչելի տոկոսադրույքներով:
ՀԱԱԳ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը նշել է, որ «Քյուբ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ծառայություններից օգտվող առաջին ընկերությունը, որը ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, հույս հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և լավ օրինակ կհանդիսանա ՏՏ ոլորտի մյուս կազմակերպությունների համար:
«ՀԱԱԳ-ը հետագայում նախատեսում է ընդլայնել ապահովագրական պրոդուկտները ծառայությունների արտահանմամբ զբաղվող՝ մասնավորապես ՏՏ ոլորտի ընկերությունների համար»,-ավելացրել է նա:
«ՀԱԱԳ-ի հետ շուրջ մեկ տարվա համագործակցությունը «Քյուբ» ընկերությանը հնարավորություն ընձեռեց գործունեության առաջին իսկ ամիսներից առևտրային բանկի միջոցով, առանց գույքի գրավադրման ստանալ պարբերաբար ֆակտորինգային ֆինանսավորումներ: Արդյունքում ընկերությունն օրեցօր ավելացնում է բջջային հավելվածի մշակման հնարավորություններն ու արտահանման ծավալները՝ արդյունավետ կառավարելով շրջանառու կապիտալը»,- նշել է «Քյուբ» ընկերության համահիմնադիր Գարիկ Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործակալությանը սերտ համագործակցության համար:
«Քյուբ» ընկերությունը զբաղվում է բջջային հավելվածների մշակմամբ, որոնցից առավել հանրաճանաչը՝ Pixomatic անվանումը կրող մոբայլ ֆոտոխմբագրիչն է: Պատկերների մշակման սեփական համակարգի միջոցով հավելվածը հնարավորություն է տալիս հեշտորեն խմբագրել նկարները` դրանց հաղորդելով կրեատիվ տեսք: Հավելվածն այսօր ունի 500 հազար ներբեռնում AppStore-ում և 450 հազար ներբեռնում Google Play-ում:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: