
Արմինֆո. Հայկական կոնյակը կապում են Ռուսաստանի հետ, ինչի առնչությամբ այն իր մրցունակությունը կորցնում է վրացական կոնյակի ֆոնին` Ռուսաստանի սահմաններից դուրս: Օգոստոսի 18-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Նրա ասելով, հայկական կոնյակի իրացման ավանդական շուկաներ էին ԱՊՀ երկրները` Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, ինչխպես նաև Լեհահստանը և այլն երկրներ, սակայն ռուս-վրացական պատերազմն անդրադարձել է Հայաստանի կոնյակի արտադրանքի արտահանման ծավալների վրա: Մասնավորապես, Ուկրաինան, որը սատարել է Վրաստանին, վրացի գործընկերներին արտոնություններ է տրամադրել ալկոհոլային արտադրանք արտահանելիս: «Նույնը տեղի է ունեցել Լեհաստանում: Ընդհանուր առմամբ, Վրաստանը արտոնյալ ռեժիմ ունի աշխարհի շատ երկրների հետ», - հավելել է փորձագետը: Ընդ որում նա նշել է, որ վրացական ոգելից խմիչքների ծավալները ռուսական շուկայում նույնպես տևական աճ են ցուցադրում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հայկական կոնյակի արտադրության ծավալը 2017 թվականի առաջին կիսամյակում կազմել է 13.9 մլն լիտր` 60,9% տարեկան աճով: