Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ընդլայնել ոչ ֆինանսական պրոդուկտների շրջանակում ՓՄՁ ներկայացուցիչների համար իրականցվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը և աշխարհագրությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի ունեցան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և ներառեցին տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», ՙՄոտիվացիա և կադրերի պահպանում՚, ՙՀյուրանոցային ծառայությունների վաճառք՚ թեմաները: Դասընթացներին մասնակցեց Սյունիքի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 15 ներկայացուցիչ:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից մինչ օրս կազմակերպված 53 դասընթացներին մասնակցել են ավելի քան 650 ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 400 կազմակերպություններից: Դասընթացները վարում են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմել է ավելի քան 20% կամ $86.4 մլն (41.5 մլրդ դրամ)՝ 22,8% տարեկան աճով, իսկ միայն ընթացիկ տարվա II եռամսյակում՝ 10,8%-ով: Իսկ ՓՄՁ ոլորտում բանկերի միագումար ներդրումների մեջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը հասնում է 7%-ի: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մաժորիտար բաժնետեր հանդես է գալիս խոշորագույն եվրոպական Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% բաժնեմասով, որին հետևում է SJSC "Sacam International" բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%: Դրանցից զատ կապիտալում բաժին ունեն նաև գյուղացիական փոխօգնության 10 մարզային միությունները: Մասնաճյուղերի ցանցի ընդգրկմամբ և մարզային մասնաճյուղերի թվով բանկը երկրորդ դիրքն է զբաղեցնում: Հիմնական հաշվեկշռային ցուցանիշների գծով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ պահպանում է դիրքերն առաջատար հնգյակում: