Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկը թարմացրել է 2017 թվականի գործազրկության կանխատեսումը` 17,9%, ինչը նախորդ նշագծից բարձր է 0,2 տոկոսային կետով: Տնտեսական աճի ակնկալվող տեմպերի ֆոնին միջնաժամկետ հեռանկարում ԿԲ-ն կանխատեսում է գործազրկության տարեկան նվազում 0,3-0,5 տոկոսային կետով:
ԿԲ թարմացված կանխատեսման համաձայն, 2017 թվականին միջին անվանական աշխատավարձը կբարձրանա 3,1%-ով (նախկինում ակնկալվող 2%-ի դիմաց)` աճի տարեկան տեմպերի 0,8-1,2 տոկոսային կետով արագացմամբ: Այսպես, մասնավոր հատվածում 2017 թվականին ակնկալվում է միջին անվանական աշխատավարձի 4,2% աճ (նախորդ կանխատեսմանը համանման), իսկ պետական հատվածում` 1%-ով (նախկինում կանխատեսված 0,7% անկման դիմաց): Միջնաժամկետ հեռանկարում տնետսական աճի արագացմանը և ինֆլյացիայի նպատակային շեմին մոտենալուն զուգընթաց աշխատավարձերի աճի տեմպերը նույնպես կարագանան: 2018 և 2019 թվականնեիր համար ԿԲ թարմացված կանխատեսումը գրեթե չի տարբերվում նախորդից: Մասնավորապես, նախկինում ԿԲ ակնկալում էր մասնավոր հատվածում 2018 թ. աշխատավարձերի 5,2%, իսկ 2019թ. 6,5% աճ, իսկ պետական հատվածում` 2018թ. 3,4% և 2019թ. 4,9% աճ:
2017 թվականին ԿԲ ակնկալում է, որ արտադրողունակության աճի տեմպերը կգերազանցեն աշխատավարձերի վերընթաց դինամիկան, ինչի հետևանքով սպառողական շուկայում 0,2-0,4% ինֆլյացիոն ճնշումն աստիճանաբար կչեզոքացվի: Կանխատեսվող շրջանում ինֆլյացիայի նկատմամբ աշխատանքի շուկայի էական ազդեցություն չի սպասվում:
Նշենք, որ 2016 թվականին աշխատավարձի նվազագույն չափը չի վերանայվել և պահպանվել է 55000 դրամի մակարդակում, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հուլիսի 1-ից: 2017 թվականին նույնպես աշխատավարձի նվազագույն շեմը չի վերանայվի:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016 թվականին անվանական աշխատավարձի աճի տեմպերը Հայաստանում կտրուկ դանդաղել են` տարեկան 7,7%-ից մինչև 1,7%: Մասնավորապես, 2016 թվականին պետական հատվածում աշխատավարձը կրճատվել է 1,8%-ով, մեկ տարվա վաղեմության 8,2% աճի դիմաց, իսկ մասնավոր հատվածում աշխատավարձի աճի տարեկան տեմպերը դանդաղել են 7%-ից մինչև 4,6%: 2016 թվականին գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է 18,5%-ից մինչև 18%: 2017թ. առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը աճել է մինչև 19%` 2016 թվականի առաջին եռամսյակի 18,3%-ից: 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին անվանական աշխատավարձը բարձրացել է տարեկան 2,7%-ով, պետական հատվածում աշխատավարձերի անփոփոխ մակարդակի և մասնավոր հատվածում 3,7% աճի պայմաններում, իսկ այս տարվա հուլիսին 2016 թվականի հուլիսի համեմատ աճի տեմպերը հետևյալն են. անվանական աշխատավարձ` 4,2%, այդ թվում, պետական հատվածում` 0,9% և մասնավոր հատվածում 6,6%: