Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նորացված կանխատեսման համաձայն՝ պետբյուջեի պակասուրդը 2017 թվականին կանխատեսվում է 120.6 մլրդ դրամ կամ ՀՆԱ 2,2%-ը՝ ավելի վաղ կանխատեսված 2,8%-ի փոխարեն: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ նորացված դրամավարկային ծրագրում:
2017 թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 22,2%, որը գրեթե համընկնում է նախորդ եռամսյակի գնահատմանը, իսկ նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 0,9 տոկոսային կետով: Ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը գնահատվում է 25,8%՝ 0,7% տոկոսային կետով ավելի ցածր առաջին եռամսյակի գնահատումից և 2,2 տոկոսային կետով ցածր նախորդ տարվա ցուցանիշից: 2017 թ. ընթացքում կանխատեսվում են պետական ծախսերի տնտեսումներ՝ հիմնականում արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծախսերի մասով:
Դրական ուղղությամբ վերանայված ՀՆԱ ցուցանիշով պայմանավորված՝ համախառն պահանջարկի վրա հակաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գնահատվում է 4 տոկոսային կետ զսպող, ինչը նախորդ կանխատեսումից ավելի է 1 տոկոսային կետով: Միջնաժամկետ հատվածում պարտքային կայուն միջավայր ձևավորելու համար հակաբյուջետային քաղաքականությունն ուղղված է պակասուրդի աստիճանական կրճատմանը: Այնուամենայնիվ, 2018-2020 թթ. պակասուրդ/ՀՆԱ միջին ցուցանիշը կկազմի 2,4% (2017-2019 թթ.՝ միջինը 2,2%): Չնայած պակասուրդի միջին ցուցանիշի աճին, քանի որ միջնաժամկետում նախատեսվում է պարտքի տոկոսավճարների աճ, հակաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող:
2017 թ. III եռամսյակից մինչև 2018 թ. I եռամսյակ համախառն պահանջարկի և աշխատանքի շուկայի ընդհանուր զարգացումները սպառողական շուկայում կստեղծեն թույլ գնանկումային ճնշումներ՝ միջին հաշվով 0,6-0,8% տոկոսային կետ: Ըստ որում, հարկաբյուջետային հատվածի, մասնավոր պահանջարկի և աշխատանքի շուկայի ամբողջական ազդեցությունը ներքին գների վրա կլինի գնանկումային՝ միջինը 1,1-1,3%, իսկ զուտ արտաքին պահանջարկի ազդեցությունը՝ 0,4-0,6% տոկոսային կետ գնաճային: