Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2017 14:12
Մարիաննա Մկրտչյան

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի բացմանը

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի բացմանը

Արմինֆո. ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է  «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների «Անվտանգ Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը «Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինքը որ թիմին է դասում իրեն` նախագահ Սերժ Սարգսյանի թե վարչապետ Կարեն Կարապետյանի, Տոնոյանը, մասնավորապես, հայտարարել է, թե ինքը տեղյակ չէ նման թիմերի գոյության մասին:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչով է պայմանավորված ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխումը ԱԻՆ, Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանական գերատեսչության աշխատակիցները բարձր որակավորում ունեն: Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նախագահի հրամագրով ազատվել էր պաշտոնից և նշանակվել ԱԻ փոխնախարար:

 

Սետեմբերի 2-4-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ անցկացվող «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի պատվավոր հյուրեր են աշխարհի շուրջ 20 երկրի պաշտոնական պատվիրակություններ, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության անդամներ և այլ պետական մարմինների ղեկավարներ:

Միջոցառումը կազմակերպվում է որպես համաժողով-ցուցահանդեսային համալիր՝ նպատակ ունենալով ցուցադրել բարձր տեխնոլոգիական, նորարարական լուծումներ, որոնք նպաստում են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական և քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ հայկական և արտասահմանյան ձեռնարկությունների միջև գործնական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

 

Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվելու են աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:

Միջոցառման գործնական ծրագրի շրջանակներում կանցկացվեն երկօրյա գիտաժողովներ` նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման, հրդեհային անվտանգության ապահովման, աղետների մարտահրավերների դեմ պատրաստվածության թեմաներին: Նախատեսված են նաև քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների և արտադրական վտանգավոր օբյեկտների միջև` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրներին, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրության անհրաժեշտությանը և այլ թեմաների: