Արմինֆո. Հայաստանում գործող ավելի քան 500 ՏՏ-ընկերությունների ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 600 մլն դոլարի սահմանագիծը: Սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է «Ձեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Ենգիբարյանի ասելով, այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, դա աննախադեպ ցուցանիշ է: Միայն վերջին 7 ամիսներին ոլորտն արձանագրել է 30-35 տոկոս աճ: Փորձագետի կարծիքով, աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունն ի զորու չէ 3 մլն բնակչության պայմաններում ունենալ շուրջ 15 հազար բարձր որակավորման մասնագետ և լուծել նման խնդիրներ: «Հետ նայելով` կարող եմ ասել, որ դեռ 15 տարի առաջ, երբ մենք մշակում էինք ոլորտի ռազմավարությունը, նման արդյունքների մասին երազել անգամ չէինք համարձակվում: Սակայն դա չի նշանակում, թե մենք պետք է բավարարվենք ձեռք բերածով՚, - նշել է Ենգիբարյանը:
Բացի այդ, փորձագետը նշել է, որ այսօր նշվում է ՏՏ ոլորտի զարգացման անսովոր դինամիկա: Այն անցնում է որակապես նոր մակարդակի: Տվյալ փուլում հանրապետությունը, ինչպես նշել է Ենգիբարյանը, կարող է աշխարհին առաջարկել ոչ միայն ոչ թանկ աշխատուժ` ի դեմս բարձր հարգի մասնագետների, այլև լուծել ոլորտի տարբեր խնդիրներ:
Հիշեցնենք, որ սպետեմբերի 27-ին Երևանում կընթանա բարձր տեխնոլոգիաների գծով «ՀայԹեքԿոնգրես՚ միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված կլինի կիբեռանվտանգությանը: Այս տարի «ՀայԹեքի՚ հարթակներում կարելի կլինի հանդիպել համաշխարհային անունով բազմաթիվ ընկերությունների, ինչպիսիք են Microsoft, IBM, Kaspersky, Cisco, HP և այլն: