Արմինֆո. Սեպտեմբերի 22-23-ը Հայաստանում կանցկացվի «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» հայ-իրանական համաժողովը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Նրա խոսքով, Հայաստանը կներկայացնի իր տեխնոլոգիական մշակումները, որոնք օգտագործվում են ջրամաքրման համար, դեղագործությունում կիրառվող նոր տեխնոլոգիաները, սինթետիկ շափյուղայի ստեղծման մշակումները: «Նանոտեխնոլոգիաների ոլորտն Իրանի հետ համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է, և Հայաստանի տեսական մշակումները հետաքրքրում են իրանական կողմին»,- ընդգծել է Է. Տարասյանը:
Իրանական կողմն իր հերթին կծանոթացնի ծանր մետաղներից և նիտրատներից խմելու ջրի մաքրման համար կիրառվող նանոֆիլտրերի ստեղծման տեխնոլոգիաների, ինչպես նաև հակաքաղցկեղային նանոտեխնոլոգիաների հետ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը
հույս Է հայտնել, որ միջոցառումը լավ հնարավորություն կընձեռի երկու երկրների գիտական և գործարար համայնքների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցություն ծավալելու և նոր առաջարկություններով միջազգային շուկա դուրս գալու։
Համաժողովը կազմակերպվում է Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանըե (“Support to SME Development in Armenia” (SMEDA) ծրագրի շրջանակում` Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) աջակցությամբ: Երկօրյա միջոցառման առաջին օրը կքննարկվեն բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող հարցեր ու ծրագրեր, ինչպես նաև կներկայացվեն գիտական զեկուցումներ: Միջոցառման երկրորդ օրը տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, սարքավորումները, առևտրայնացման փորձը, ինչպես նաև կանցկացվեն քննարկումներ` հայկական և իրանական ընկերությունների միջև համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: