Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017 16:02

Ջեյմս Թուֆենկյանը դիմել է ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտին` Հայաստանի հետ հարկային համաձայնագիրը վերանայելու առաջարկությամբ

Ջեյմս Թուֆենկյանը դիմել է ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտին` Հայաստանի հետ հարկային համաձայնագիրը վերանայելու առաջարկությամբ

Արմինֆո. «Թուֆենկյան գորգեր՚ ընկերության ղեկավար Ջեյմս Թուֆենկյանն ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտին կոչ է արել Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր հարկային համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

Դեպարտամենտի ղեկավար Սթիվեն Մնուչինին հղված իր նամակում Թուֆենկյանը պատմում է Հայաստանի տնտեսությունում իր ներդրումների մասին, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման համար հյուրանոցների ցանց ստեղծելու մասին, ինչպես նաև գորգագործական ֆաբրիկայի ստեղծման մասին` այդ հին հայկական արհեստի հմտությունները վերածնելու նպատակով: «Այդ լույսի ներքո Հայաստանը բախվում է կրկնակի հարկման խնդրին, ինչը սպառնալիքի տակ է դնում հանրապետություն ներդրումների հոսքն ու նրա տնտեսական վերածնունդը՚, - ասվում է նամակում:

Թուֆենկյանի ասելով, հստակ, միջազգային ստանդարտներին համապատասխանող հարկային օրենսդրության բացակայությունը հանգեցնում է անցանկալի անվստահության, ինչը վերջնական արդյուքնում հանգեցնում է ներդրումային հոսքերի արտահոսքի` ի վնաս ԱՄՆ և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների փոխշահավետ առաջընթացի:

Նշենք, որ Ջեյմս Թուֆենկյանն ամերիկյան խոշոր գործարար է, որը նաև մեծ ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսությունում` բացելով համանուն հյուրանոցների ցանց և գորգագործական ֆաբրիկա: