Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017 17:51
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետի մոտ քննարկվել են Եվրամիության հետ առևտրում Հայաստանի միջազգային պարտավորություններին առնչվող հարցեր

Վարչապետի մոտ քննարկվել են Եվրամիության հետ առևտրում Հայաստանի միջազգային պարտավորություններին առնչվող հարցեր

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրոպական միության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ից (GSP+) օգտվելու նպատակով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: 


Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին զեկուցվել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների, միջանկյալ արդյունքների և հետագա քայլերի մասին: Վարչապետ Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ համակարգված կերպով աշխատանքները շարունակելու և սահմանված ժամկետներում դրանք ավարտին հասցնելու վերաբերյալ:

Նշենք,  2009 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ներառված է Եվրամիությունից GSP+ ռեժիմ ստացած երկրների ցուցակում: 2006-2008 թթ. Հայաստանն օգտվել է ԵՄ ընդհանուր արտոնությունների համընդհանուր համակարգից, որն արտոնյալ մուտք է տրամադրել ԵՄ շուկաներ` 3300 ապրանքների զրոյական մաքսատուրքի տեսքով, և նվազեցրել է այլ 3900 անվանման ապրանքների սակագները:

2008 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը ըդնունել է բանաձև, որի համաձայն, Հայաստանին շնորհվել է հատուկ խթան (GSP+1) կայուն զարգացման և արդյունավետության համար GSP կարգավորման  2009-2011թթ. նախագծի շրջանակում, որը երկարաձգվել է և գործում է առ այսօր: Դա Հայաստանին թույլ է տալիս  ԵՄ արտահանել 7200 անվանման ապրանքներ` առանց որևէ մաքսատուրքի: Այդ ընդլայնված առավելությունները GSP կարգավորման ժամկետում պահպանելու համար   Հայաստանը պետք է իրականացնի կայուն զարգացման և պատշաճ կառավարման բնագավառի 27 հիմնական միջազգային կոնվենցիաների դրույթները: