Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է իրանական բազմաճյուղ առևտրաարդյունաբերական էքսպոն, որին ներկայացված է 49 իրանական ընկերությունների արտադրանք։ Իրանական բիզնեսը երևանյան էքսպոյին ներկայացել է կենցաղային տեխնիկայի, քիմիական, տպագրիչ, փաթեթավորման սարքավորումների, գյուղտեխնիկայի, մետաղաձուլական, տեքստիլ և այլ ոլորտների բազմազան արտադրատեսակներով։
«Հույս ունեմ, այս ցուցահանդեսները կդառնան ավանդական՝ իրենց ներդրումն ունենալով հայ-իրանական առևտրատնտեսական կապերի զարգացման գործում»,- միջոցառման բացմանը նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում տեղի է ունեցել հայկական ապրանքների ցուցահանդես, որին մասնակցել են 103 հայաստանյան ընկերություններ։ «Սա Իրանում հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է և նպատակ ունի ամրապնդելու հայաստանցի և իրանցի գործարարների միջև տնտեսական կապերը։ Իրանում կայացած ցուցահանդեսից, ի դեպ, հայկական ընկերությունները վերադարձել են 9 պայմանագրով, որից 1-ը՝ արտահանման բացառիկ պայմանագիր և 2 բուհական համագործակցության հուշագիր»,- նշել է ՀԶՀ Ծրագրերի թիմի ղեկավար Ավետիս Հովհաննիսյանը։
«Այս ցուցահանդեսով Հայաստանում կբարձրանա իրանական ապրանքների մասին տեղեկացվածությունը, սա նաև հիմքեր կստեղծի ներմուծվող իրանական ապրանքների, կիսաֆաբրիկատների՝ մեր երկրում հետագա վերամշակման, այստեղ համատեղ արտադրությունների հիմնման և դեպի երրորդ երկրներ արտահանման համար»,- նշել է ՀՀ ՏԶՆ փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։
Նախարար Սուրեն Կարայանը իրանցի գործընկերների հետ շրջայց է կատարել, ծանոթացել ներկայացված տեսականուն։ Էքսպոյի շրջանակում տեղի կունենան B2B հանդիպումներ։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Հոսեյն Էսփահբոդին։
Նշենք, որ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2017 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1363.5 մլրդ դրամ կամ 2,815 մլրդ դոլար` տարեկան 24% աճով: Հաշվետու ժամանակահատվածում Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 114,4 մլն դոլար` տարեկան 0,4% աճով: Ընդ որում, արտահանումը կազմել է 34,7 մլն դոլար` 9,3% անկմամբ, ներմուծումը` 79,7 մլն դոլար` 5,3% աճ: