Արմինֆո. Սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի է ունեցել առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը։
Նիստը վարել են․ հայկական կողմից՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խաիրովը։
Կողմերը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները՝ երկու երկրների արտահանման շուկաների և արտահանման կողմնորոշում ունեցող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով: Ղազախական պատվիրակությունն իր հերթին 2018 թ. ՀՀ-ում ապրանք արտադրողների առևտրային առաքելության անցկացման պատրաստակամություն է հայտնել:
Խաիրովը նշել է, որ 2016 թ. արդյունքների համաձայն, Ղազախստանի և Հայաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 8%-ով, իսկ արդեն 2017 թ. 7 ամիսներին ապրանքաշրջանառությունն ավելացել է 38%-ով: «Ստեղծվել է լավ միտում, բայց դրան պետք է աջակցել: Եվ դրանում է հանձնաժողովի խնդիրը»,- ընդգծել է նա:
ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն իր հերթին նշել է. «Փոխադարձ առևտրի աճն արդեն վկայում է այդ ուղղությամբ հետագա առաջընթացի լավ հիմքի և ներուժի առկայության մասին»: Ըստ որում, Ուրազաևը ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային բիզնեսի համագործակցության կարևորությունը:
Նիստի ընթացքում ստորագրվել է համագործակցության զարգացման հետագա քայլերի մասին արձանագրություն, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում, ընդերքօգտագործման, գյուղատնտեսության, առողջապահության, կրության և գիտության, մշակույթի, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտում, միգրացիայի հարցերում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և Ղազախստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թ. հունվար-հուլիսին ավելացել է 36,1%-ով՝ մինչև $2.6 մլն՝ արտահանման16,8%-ով, մինչև $2 մլն և ներմուծման՝ 2,7 անգամ, մինչև $663.9 հազար աճի դեպքում: