Արմինֆո. ԱԳԲԱ Լիզինգի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի միջև ստորագրվել է Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցության պայմանագիր։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի մամուլի ծառայությունից, պայմանագրի շրջանակներում ՀՀ շուրջ 280 համայնքի բնակիչներ և իրավաբանական կազմակերպություններ հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով ձեռք բերել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումներ` կատարելով նվազագույն ներդրումներ:
Աղբյուրի համաձայն, ԱԳԲԱ Լիզինգի կողմից առաջարկվող ֆինանսավորման արտոնյալ պայմաններն են՝ 0% կանխավճար, 7% տարեկան տոկոսադրույք, մինչև 8 տարի մարման ժամկետ: Ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ դրամով:
«2014թ-ին ԱԳԲԱ Լիզինգը ստեղծեց «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, որով սկսեցինք իրականացնել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումների ձեռք բերման ֆինանսավորում։ Արևային էներգիայի վերարտադրման և էներգախնայող սարքավորումների ֆինանսավորումը մեզ համար գերակա ուղղություններ են, որի մասին փաստում են ԱԳԲԱ Լիզինգի կողմից արդեն իրականացված ավելի քան 500 «գրին» ծրագրի ֆինանսավորում։ Մենք շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել նմանատիպ նախագծերի իրականացմանը, քանի որ այս ոլորտը բացի բիզնեսի ուղղություն լինելուց, նաև մեր բանկային խմբի սոցիալական պատասխանատվության դրսևորումն է ինչպես շրջակա միջավայրի պահպանության առումով, այնպես և հասարակության առջև»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
Նշենք, որ ԱԿԲԱ-Լիզինգն առաջին լիզինգային ընկերությունն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2003 թվականին: Բաժնետերերն են` Ֆրանսիայի Credit Agricole Leasing & Factoring ընկերությունը և Հայաստանի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը: ԱԿԲԱ-Լիզինգն հայկական լիզինգային շուկայի առաջատար ընկերությանն է, ընդգրկելով շուկայի մոտ 80%-ը: Ընկերության գերակա խնդիրների շարքում են` էներգախնայողության և էներգաարդյունավետության սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորումը, որը իրականավում է «Գրին Լիզինգ» ֆիրմային անվանման ներքով, որն ԱԿԲԱ-Լիզինգի կողմից ստեղծվել է 2014 թվականին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի և վարկային կազմակերպությունների ռենկինգի, 2016 թվականին լիզինգային գործարքներիծավալն ավելացել է 11%, մինչև 16.7 մլրդ դրամ: Մեկ տարի առաջ, 2015-ին լիզինգային գործարքների ծավալը նվազել էր 20%: ԱԿԲԱ-Լիզինգի լիզինգային գործարքների ծավալը 2017 թվականի հունվարի 1-ին կազմել է 13,1 մլրդ դրամ, տարեկան աճը`12%: Բանկերի և վարկային կազմակերպությունների լիզինգային գործառնությունների ընդհանուր ծավալներում ԱԿԲԱ Լիզինգի մասնաբաժինը կազմել է 78,5%.