Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց ֆրանսիական երեք ինժեներական ընկերությունների ներկայացուցիչների, ովքեր ժամանել են Հայաստան` մասնակցելու հայ-ֆրանսիական գործարար համաժողովին։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը, ողջունելով հյուրերին, պատրաստակամություն հայտնեց երկկողմ գործակցության` նախարարության ենթակայության տարբեր ոլորտներում։
Նա նշեց, որ պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններում, որոնք կնպաստեն երկու երկրների միջև ինժեներական ոլորտի համագործակցությանն ու առաջխաղացմանը։
Ֆրանսիական ինժեներական ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար։ Նրանք ներկայացրին իրենց գործունեության ուղղություններն ու մասնագիտացումը, իրականացրած նախագծերը։
Մետաղական կամուրջների շինարարության, ենթակառուցվածքների բարելավման ոլորտում մասնագիտացած ընկերության ներկայացուցչի հետ քննարկվեց նրանց փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։
Նախարարը ներկայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», դրանում ներառված անհրաժեշտ ենթակառուցվածքները, քննարկվեցին համատեղ աշխատելու հեռանկարները։
Հանդիպմանը ներկա մյուս ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր մասնագիտացած են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության, ճոպանուղիների կառուցման ոլորտներում, քննարկվեցին գործակցության հնարավոր ուղղությունները և երկկողմ հետաքրքրությունները։
RUB | 3.99 | -0.03 |
USD | 387.06 | -0.36 |
EUR | 424.45 | -1.09 |
GBP | 506.78 | -0.66 |
CAD | 283.10 | -0.93 |
JPY | 26.05 | -0.15 |
CNY | 54.77 | -0.16 |
CHF | 451.59 | -0.84 |