Արմինֆո. Հոկտեմբերին 6-ին Գյումրիում կայացել է Կոնվերս Բանկի Խորհրդի արտագնա նիստ, որի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում բանկի մասնաճյուղերի գործունեության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Գյումրիի զարգացման ծրագրերին Բանկի և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի այլ կառույցների հնարավոր մասնակցության հարցը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում մասնակիցներին են ներկայացվել Գյումրու զարգացման հայեցակարգը, տարբեր ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաև դրանց հնարավոր տնտեսական ազդեցությունները:
«Խորհրդի արտագնա նիստների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Նման միջոցառումները և քննարկումները հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու կոնկրետ բնակավայրի ու մարզի բնակիչների պահանջներին, զարգացման առկա պոտենցիալին և տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման հեռանկարներին: Ներկայում Բանկում քննարկվում է ոչ միայն Գյումրիում զարգացման ծրագրերին հնարավոր մասնակցության, այլև բնակչության համար առանձին նոր ֆինանսական պրոդուկտների մշակման և ներդրման հնարավորությունները»,-նշել է աղբյուրը, հավելելով, որ այսօր այդ քաղաքում գործում է Կոնվերս Բանկի մասնաճյուղերից երեքը՝ բնակչությանը և տնտեսվարողներին առաջարկելով ծառայությունների և վարկային պրոդուկտների մեծ տեսականի:
Բանկի Մասնաճյուղերի մեկը գործում է Շիրակ Օդանավականի տարածքում, որտեղ Խմբի կողմից կառավարվող «Արմենիա Միջազգային օդանավակայաններ ընկերության» կողմից նախատեսվում է իրականացնել օդանավակայանի արդիականացման ծրագիր: Այցի ընթացքում Խորհրդի անդամները և հյուրերը այցելելել են նաև Արթիկի տարածաշրջան, որտեղ Բանկի ֆինանսավորմամբ եվրոպական ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան ջերմատներ են կառուցվում:
«Կոնվերս Բանկի Խորհրդի արտագնա նիստներն ու այցերը պարբերական բնույթ են կրելու: Առաջիկայում նմանատիպ քննարկումներ են կազմակերպվելու նաև այլ մարզերում»,-նշել է աղբյուրը:
Ընդհանուր առմամբ կոնվերս Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 20-ը տեղակայված է Հայաստանի մարզերում:
Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են`«Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80.94 տոկոս), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06 տոկոս) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):