Արմինֆո. Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, շինարարությունն իրականացվել է աննախադեպ արագությամբ և որակով:
«Աշխատանքների բարձր որակի մասին են փաստում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները և տեխհսկիչների տված գնահատականները: Աշխատանքների որակից գոհ է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով «Հայավտոճան տնօրինությունե ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի հետ շինարարության ամբողջ ընթացքում պարբերաբար այցելել է շինտեղամասեր: Հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։ Պայմանագրով աշխատանքների ավարտը նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն ինչպես խոստացել էին ճանապարհաշինարարները, ասֆալտապատման աշխատանքներն ավարտվեցին սահմանված ժամկետից շուտ՝ հոկտեմբերի 10-ին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 15-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարիտիրոսյանը հայտնել էր, որ միջպետական նշանակության Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհի տեղամասում շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի գերազանցմամբ: Նախարարի ասելով, ճանապարհի տեղամասի (36-57 կմ Երևան-Սևան ուղղությամբ և 64-57 կմ Սևան-Երևան ուղղությամբ) շինարարության ճանապարհային քարտեզին և ծրագրին համապատասխան, աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի մեկ ամիս գերազանցմամբ: «Տեղամասում գործարկված տեխնիկան, հնարավոր է, հնամանմանը չունի Հայստանում: Դրա շնրոհիվ աշխատանքներն ընթանում են շար արագ և որակով: Արդեն սեպտեմբերի վերջին լիովին կավարտենք ճանապարհի ասֆալտապատումը, ինչին կհաջորդի հարդարումը՚, - հայտարարել էր Մարտիրոսյանը: Շուրջ 3,5 մլրդ դրամ արժողությամբ նախագիծը լիովին ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցների հաշվին: