Արմինֆո. Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքի (ЭП2Д) տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 17-ին այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է էլեկտրագնացքի հնարավորությունները:
Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։
Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի 129 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ։
Էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ինչպես նաև ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին։
Վերապատրաստում կանցնեն նաև մեքենավարները: Փորձարկումից հետո կորոշվի, թե որքան նստատեղով և վագոններով էլեկտրագնացք է անհարժեշտ Հայաստանի Հանրապետության համար: Նախատեսվում է 2018թ. սկզբին շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ: Բարձրակարգ էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |