Արմինֆո. ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարությունում ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ու Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում հայտնաբերվել են չարաշահումներ, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը:
Նա հաստատել է ստուգումների մասին տեղեկությունը՝ ընդգծելով, որ նման ստուգումները պարբերական բնույթ են կրում: «Տեղեկությունը, թե Վահան Մարտիրոսյանն իր գործունեության ընթացքում աղաղակող չարաշահումներ է կատարել, չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է նա՝ նշելով, որ հրպարակումներն այնքան անհեթեթ են, որ գերատեսչությունը հարկ չի համարում արձագանքել դրանց:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ տևական ժամանակ է, ինչ Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարարությունը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության ու Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում։ Նշվել է, որ կատարված ստուգումների արդյունքում՝ այդ օղակների կողմից բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախարարությունում։ Վկայակոչելով իրազեկ աղբյուրները՝ ԶԼՄ-ները գրել են, որ մեկ տարուց ավելի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Մարտիրոսյանն իր գործունեության ընթացքում աղաղակող չարաշահումներ է կատարել։ Ըստ որում, նշվում է, որ «նա ըստ էության հետ չի մնացել իր նախորդից՝ Գագիկ Բեգլարյանից, նորացված տարբերակով կատարելագործելով վերջինիս աշխատաոճը»։ Իսկ նախագահականին մոտ կանգնած աղբյուրն, իբր, հայտնել է, որ այս թեմայով առաջիկայում բում է լինելու: