Արմինֆո. Ամերիաբանկը հայտարարել է ՓՄՁ և ֆիզիկական անձանց համար երկու վարկային արշավների գործարկման մասին, որոնց շրջանակներում պայմանները կսահմանվեն նոր մեթոդաբանությամբ: Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, նշելով, որ արշավները կընթանան մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը:
Այսպես, ըստ նրա, տոկոսագումարներն այսուհետ կսահմանվեն պոտենցիալ վարկառուի ռիսկի չափանիշների հիման վրա: «Հետևաբար, որքան ցածր է ռիսկի մակարդակը, այնքան ցածր են հաճախորդին առաջարկվող տոկոսադրույքները», - ընդգծել է նա: Մասնավորապես, Ա.Բարսեղյանը նշել է, որ ՓՄՁ ներկայացուցիչների համար սահմանված են հետևյալ չափանիշները`բիզնեսի եկամուտը, վարկ/գրավ հարաբերակցությունը և վարկի մարման ժամկետը: Տոկոսադրույքները ՓՄՁ-ների համար դրամով տատանվում են 10-10.5% սահմաններում, ԱՄՆ դոլարով կազմում են 6.5%, իսկ եվրոյով`5%: «ՓՄՁ-ների համար վարկի չափը չի գերազանցի 300 հազար դոլարը, բայց կարող են լինել բացառություններ», - նշել է նա:
Ֆիզիկական անձանց համար նույնպես Ամերիաբանկը նախատեսել է հատուկ առաջարկ: Անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և վերակառուցման համար վարկն ստանալիս հաշվի կառնվեն հաճախորդի վարկունակությունը և առաջարկվող գրավի առարկայի արժեքը: Տոկոսադրույքները սահմանվում են`դրամով – սկսած 10%-ից, ԱՄՆ դոլարով - 7%-ից, իսկ եվրոյով – սկսած 5.5%-ից:
«Այս մոտեցման հիմնական առանձնահատկությունն այն է, որպեսզի պահպանվի արդարության սկզբունքը», - ընդգծեց Ա. Բարսեղյանը:
Բանկի վարկային արշավների առումով Ամերիաբանկի վարկային բաժնի տնօրեն Իննա Աբրահամյանը հոկտեմբերի 26-ին, ժամը 20.00-ից մինչև 21.00-ը ֆեյսբուքյան պաշտոնական էջում կպատասխանի բոլոր հարցերին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ամերիաբանկն առաջատարն է վարկային ներդրումների ծավալով - 419.9 մլրդ դրամ (ակտիվների 64.3%-ը), ապահովելով այս ցուցանիշի տարեկան 20,7% աճ: ՓՄՁ վարկավորման ծավալով Ամերիաբանկը գտնվում է TOP-5-ում - 74.6 մլրդ դրամ, տարեկան աճը`20.2%: Հիփոթեքային վարկերի պորտֆելով Բանկը երրորդ տեղում է`21,6 մլրդ դրամ, տարեկան աճը`15,8%: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմել է 18.4%, մանրածախ վարկավորման մասնաբաժինը`11.5%, իսկ հիփոթեքի մասնաբաժինը`5,3%: ՓՄՁ միագումար վարկերի ծավալներում Ամերիաբանկի մասնաբաժինը գերազանցում է 12%-ը, մանրածախ վարկավորման մասնաբաժինը`6%, իսկ հիփոթեքային վարկերինը` ավելի քան 11%: Տարվա առաջին կիսամյակն Ամերիաբանկը եզրափակել է 3.3 մլրդ դրամի զուտ շահույթով, տարեկան 55.8% աճով: (ՀՀ դրամի հաշվարկված փոխարժեքը 2017-ի հունիսի 30-ին կազմել է 480.47 դր / $ 1):
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%: