Արմինֆո. Էներգետիկայի ոլորտը Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը` նախօրեին Թալինում, որտեղ գործարկվել է 1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան: Վարչապետի ասելով, կառավարությունը մեծապես կարևորում է էներգետիկայի այդ ուղղության դիվերսիֆիկացումը` աջակցելով տարբեր ծրագրերի իրագործմանը:
Ինչպես, իր հերթին, նշել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակը, այդ կայանի բացումը վկայում է լավ ներդրումային մթնոլորտի մասին, որը Հայաստանում հաջողվել է ստեղծել վերջին տարիներին: «Մեր հետազոտությունների համաձայն, Հայաստանում ստեղծվել է ինստիտուցիոնալ և տարածաշրջանային բազա միջազգային ներդրողների հետ աշխատելու համար՚, - ասել է Ռուսնակը: Նրա հավաստմամբ, Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանք է տարվում ներդրումային մթնոլորտի բարելավման գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով: Փորձագետի կարծիքով, արդեն ձևավորվել է օրենսդրական հիմք, որն անհրաժեշտ է պատշաճ ներդրումային մթնոլորտի պահպանման համար: Այժմ հարկավոր է իրականացնել ինչպես պետական կառույցների ներսում, այնպես էլ միջազգային ներդրողների հետ աշխատանքների համապատասխան համակարգում: «Ըստ մեր գնահատականների, այսօր Հայաստանն ի զորու է ապահովել ներդրումների պաշտպանություն: Միևնույն ժամանակ, ավելի կարևոր է այդ լավ պայմանների պահպանումը, քանի որ նման նախագծերը նախատեսված են տասնամյակների համար՚, - նշել է Ռուսնակը:
Հիշեցնենք, որ նախօրեին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գործարկվել է Հայաստանում ամենամեծ`1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը: Ծրագիրն իրականացվել է շնորհիվ մի խումբ ներդրողների (Էդուարդ Մարության Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան և Հայկ Չոբանյան), իսկ ծրագրի համաֆինանսավորվումն իրականացվել է գերմանական KfW բանկի, հայ-գերմանական հիմնադրամի «Աջակցություն վերականգնվող էներգետիկային» ծրագրի շրջանակներում, «Կոնվերս բանկ» ՓԲԸ միջոցով: Ծրագրի ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 1 մլն դոլար: Էլեկտրակայանն ընդգրկում է 1800 քառակուսի մետր տարածք, իսկ անվանական հզորությունը հասնում է 1 ՄՎտ-ի, ինչը բավարար է 400 ընտանիքներին էլեկտրաէներգիա տրամադրելու համար: Պարկը բաղկացած է 3700 պոլիկրիստալներով արեգակնային մարտկոցներից, որոնք արևի էներգիան կվերածեն էլեկտրաէներգիայի: Դրանից հետո այն անցնում է 14 ինվերտորներով, որոնք այն վերածում են փոփոխական հոսանքի: Տրանսֆորմատորային ենթակայանի օգնությամբ լարումը բերվում է էլեկտրաէներգիայի փոխանցման համար անհրաժեշտ մակարդակին: Ինչպես ընդգծել է Հայկ Չոբանյանը, ծրագիրն իրականացվել է շատ կարճ ժամկետում`մինչև մեկ ամիս, մեկնարկը տրվել է հոկտեմբերի 18-ին, իսկ ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար պահանջվել է 20 օր:
Ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրի, Հայաստանում նախատեսվում է կառուցել 6 արևային կայան, մինչև 110 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Առաջին փուլում ընտրվել է «Մասրիկ» համայնքի մոտակայքում, որտեղ կկառուցվի 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 129 միլիոն դոլար: 2 կայանների համար իսպանական «Արիես ինժեներիա» ընկերությունն արդեն ներկայացրել է տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Դրանք վերաբերում են Գեղարքունիքի մարզի «Մասրիկ» և Արագածոտնի մարզի «Դաշտադեմ» տարածքներին, իոկ մյուս չորսի վերաբերյալ հետազոտական աշխատանքները շարունակվում են: Մրցույթի հիմնական պայմաններից մեկը կլինի ներդրողների առաջարկած սակագինը: Առավելությունը կստանա այն ընկերությունը, որն առաջարկի նվազագույն սակագին: Այլընտրանքային էներգիայի զարգացման համար Կլիմայի ներդրումային հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 28 մլն դոլար, որից 2 մլն դոլար`դրամաշնորհ և 26 մլն դոլար` վարկ: Վարկի պայմանները մեղմ են `0.25% տարեկան, մարման ժամկետը` 40 տարի և առաջին 20 տարիների ընթացքում վճարումների արտոնյալ ժամկետով: