Արմինֆո. ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որին մասնակցել են բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծին առնչվող հարցերի լայն շրջանակ: ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդումը՝ այդ հարցում ընդգծելով հասարակության յուրաքանչյուր անդամի դերակատարումը: «Մենք շարունակելու ենք հետևողականորեն պայքարել տնտեսվարողների և մեր աշխատակիցների շրջանում նկատվող արատավոր երևույթների դեմ: Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների օժանդակությունը»:
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ՊԵԿ-ն առանցքային է համարում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կանխարգելիչ նշանակության ամրապնդումը` այդ թվում ՀԴՄ-ների կիրառման մասով: Պատասխանատվության խստացումը զուգակցվելու է խախտումների արձանագրման մեխանիզմների կատարելագործմամբ: Տուգանքները կիրառվելու են այն պարագայում, երբ դրանք կզուգակցվեն տեսանկարահանմամբ:Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև խստացնել հաշվարկային փաստաթղթեր դուրս չգրելու դեպքերի պատասխանատվությունը:
«Ծավալված ակտիվ երկխոսության ընթացքում ՊԵԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել ընդունել բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից հնչեցված մի շարք կառուցողական առաջարկներ»,- նշվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ: