Արմինֆո. ՀՀ ՊԵԿ աշխատակիցների գործողություններն տոնավաճառների առևտրականների նկատմամբ բացահայտ տեռոր է: Այդ մասին այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարել է «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, անթույլատրելի է, երբ հարկային ծառայության աշխատակիցները խուզարկություններ են կատարում տոնավաճառներում, ստուգում են առևտրականների պայուսակները, ովքեր փորձում են մի կտոր հաց վաստակել: ՊԵԿ աշխատակիցների գործողությունները կհանգեցնեն երկրի հազարավոր քաղաքացիների արտագաղթի, գտնում է պատգամավորը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել բյուջեն համալրելու նպատակով հայ օլիգարխների օբյեկտներում ստուգումների անհրաժեշտության վրա: Մասնավորապես, ինչպես գտնում է պատգամավորը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության վրա, որի ներկայացուցիչները դղյակներ են կառուցում Մոնումենտում:
Խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը մատնանշել է այն փաստը, որ արդեն ընդհարումներ են տեղի ունենում հարկային ծառայության աշխատակիցների և առևտրականների միջև: Մինչդեռ Պետեկամուտների կոմիտեն անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում մոնոպոլիստ ընկերություններում «ստվերային» շրջանառությանը: Օրինակ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ներդրումներ չեն իրականացվում տեխնիկական և կոմերցիոն կորուստների կրճատման նպատակով, որոնք արդեն երկար ժամանակ կազմում են 7-8 տոկոս: Իսկ դա, պատգամավորի կարծիքով, հանգեցնում է բյուջեի համար ավելի քան $150 մլն կորստի: ԱԺ փոխնախագահը նշել է նաև գազամատակարարման ոլորտում իրավիճակի ուսումնասիրման համար քննչական խումբ ստեղծելու խմբակցության մտադրության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր հանրապետության տոնավաճառներում ստեղծված լարված իրավիճակի մասին: Վերջերս «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում ընդհարում էր տեղի ունեցել հարկային ծառայության աշխատակիցների և առևտրակաների միջև: Առևտրականները նշում են, որ հարկային ծառայության աշխատակիցները պահանջում են ներմուծված յուրաքանչյուր ապրանքի տեղաշարժի վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնել, ինչը, նրանց խոսքով, ավելորդ թղթաբանական քաշքշուկ է, իսկ դա պահանջում է լրացուցիչ աշխատուժի ներգրավում աշխատանքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հարկային ծառայության գործողույթուններն ուղղված են «ստվերային շրջանառության» կրճատմանը: «Հարկեր պետք է վճարեն բոլորը»,- հայտարարել էր Վարդան Հարությունյանը, ով ավելի վաղ գլխավորել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիների դժգոհությունն է հարուցում այն փաստը, որ Հայաստանի գազի մոնոպոլիստը սահմանին ռուսական գազը ձեռք է բերում հազար խմ դիմաց $150 գնով՝ ներքին շուկայում գրեթե կրկնակի թանկ վերավաճառելով այն: