Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործողությունների դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիեմին: Հանդիպման նպատակն էր քննարկել բանկի հետ ագրարային բնագավառում համագործակցության հնարավորությունները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում նախարար Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակն ու առաջնահերթությունները, ագրարային բնագավառի հետագա զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն անդրադարձել է նաև ոլորտում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերին` ընդգծելով, որ ներկայումս գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր մշակելիս հիմնական շեշտը դրվում է փոքր և միջին ֆերմերների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով տնտեսավարող սուբյեկտներին ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայով ապահովմանը:
Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը նաև ընդգծել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում ինտենսիվ այգիների հիմնման, օրգանական պարարտանյութերի տարածման և լայնածավալ օգտագործման, մթերման առավել արդյունավետ կազմակերպման նպատակով հատուկ կենտրոնների և սառեցման պահեստարանների ստեղծման, ջերմոցային տնտեսությունների ընդլայնման ուղղությամբ:
Քրիստոֆեր Թիեմն իր հերթին նշել է, որ Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է բազմակողմանի օժանդակություն ցուցաբերել Հայաստանին գյուղատնտեսության զարգացման նպատակով: Միաժամանակ նա հավելել է, որ բանկը պատրաստ է մասնակցել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին ներդրումների, վարկերի տրամադրման և տեխնիկական աջակցության միջոցով, ինչպես նաև համագործակցել մասնավոր հատվածի հետ:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանին 40 մլն.դոլարի վարկի տրամադրման մասին որոշումը, որն ուղղված է երկրում ֆինանսական շուկաների զարգացման և կայունացման նպատակով օժանդակել կառավարության հետևողական ջանքերին: Ընդհանուր առմամբ, ըստ 2014-2018 թթ. ռազմավարության, ԱԶԲ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել մոտ 500 մլն.դոլարի ֆինանսական աջակցություն: Միջոցները կուղղվեն ենթակառուցվածքների, էներգետիկ և սոցիալական ծառայությունների աջակցմանը, օժանդակելով երկրի ճկուն, համապարփակ և կայուն զարգացմանը:
Հայաստանը ԱԶԲ-ին է միացել 2005 թվականին և ընդգրկված է այն խառը (արտոնյալ և սովորական) ֆինանսավորմամբ երկրների խմբում:-