Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 19:44
Նաիրա Բադալյան

Համատեղ աշխատանքային խումբը կզբաղվի Հայաստան-IFAD նոր ծրագրերի մշակումով, ուղղված երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը

Համատեղ աշխատանքային խումբը կզբաղվի Հայաստան-IFAD նոր ծրագրերի մշակումով, ուղղված երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանին, որը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման-ԾԻԳ» բաղադրիչի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» (ԵԳՖԱԾ) վերահսկողության նպատակով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Ռամի Սալմանը հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ  մշակել և իրականացնել նոր ծրագրեր, որոնք համահունչ կլինեն գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը:

Հիմնադրամի հետ համագործակցությունն առավել ամուր և գործնական հիմքերի վրա դնելու նպատակով որոշվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագրերի մշակմամբ: 

Իր խոսքում կարևորելով ագրարային ոլորտում փորձառու և ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների պատրաստումը` նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ այս առումով ևս IFAD-ի փորձն ու մասնագիտական կարողությունները կարող են օգտակար լինել:-