Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2017 14:35
Նաիրա Բադալյան

Հայ մաքսավորներն ուսումնասիրում են ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը

Հայ մաքսավորներն ուսումնասիրում են ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը և նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը նոյեմբերի 6-10-ը Պեկինում աշխատանքային հանդիպումներ են ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային ծառայության և չինական «Նուքտեք» ընկերության ներկայացուցիչների հետ:

Վերջինի հետ համագործակցությամբ կոմիտեում մաքսային հսկողության տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման նախագիծ է իրականացվում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին  ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ պատվիրակությունը ծանոթացել է Չինաստանի մաքսային ծառայության տեղեկատվական կենտրոնի հնարավորություններին, խնդիրների լուծման մոտեցումներին: Հայաստանյան գործընկերներին է ներկայացվել ստուգման և զննման ժամանակակից սարքավորումների աշխատանքը: ՊԵԿ պատվիրակությունն այցելել է խաղաղօվկիանոսյան կղզում գործող Յանշանգան մաքսային խոշոր տերմինալ՝ ուսումնասիրելու տերմինալի ավտոմատացված համակարգի աշխատանքը: Հայ գործընկերներին է ներկայացվել նաև Տիանգին մաքսային կետում շահագործվող ռենտգենյան սարքերի աշխատանքն ու հսկողության իրականացումը: Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունն ուսումնասիրել է բեռների ռենտգենյան սկանավորումից ստացված պատկերների՝ կենտրոնում վերլուծման փորձը:

 

Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականի մարտի 19-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև 2015-2018թթ. Չինական Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով ՉԺՀ կառավարությունը սկզբունքորեն համաձայնում է Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջոցով ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել արտոնյալ պայմաններով վարկեր: Նախատեսվում էր ստորագրել «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով մոտ 155.5 մլն չինական յուան (մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ վարկային համաձայնագիրը, ըստ որի վարկի արժույթը լինելու է չինական յուանը, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝ արտոնյալ: Հաջորդ որոշմամբ կառավարությունը համաձայնություն էր տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ ներմուծման-արտահանման բանկի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի նախագծին: Կառավարությունը հավանությունն էր տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: 1999 թվականից ՉԺՀ կառավարությունն անհատույց օգնություն է տրամադրում ՀՀ կառավարությանը: Մաքսային վերահսկողության սարքավորման և տեխնոլոգիաների արդիականացման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է վարկային միջոցներով, «Զվարթնոց՚ տարածաշրջանային մաքսատունն ու Մեղրիի մաքսակետը զինվել են ռենտգենային սարքավորումներով: