Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 13:11
Ալեքսանդր Ավանեսով

Գյուղնախարարություն. Ձվի դեֆիցիտ չի սպասվում,  առաջիկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը

Գյուղնախարարություն. Ձվի դեֆիցիտ չի սպասվում,  առաջիկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում  հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը:

Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն,  օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի   ազգաբնակչության նախատոնական պահանջարկը:

Մասնագետների վերլուծություններով`  նոյեմբեր ամսին տեղական արտադրությունը նվազել է  2017 թվականին հայտարարված կարանտինով պայմանավորված ինկուբացիոն ձվի  ներկրումների անհնարինության պատճառով:

Ստեղծված իրավիճակը բերել է շուկայում ձվի  թանկացման: Ըստ  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից  ձվի շուկայում կատարված մոնիթորինգի արդյունքների՝ այս պահին  գերիշխող առևտրային ցանցերում վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում: Նախորդ ամիսների համեմատությամբ դիտարկվել է 2-3 դրամի գնային բարձրացում:

Շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին  հանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն  իրականացնում են ձվի ներկրումներ ՌԴ-ից: Առաջիկայում  ձեռնարկված միրջոցառումների և տեղական ձվարտադրության ծավալների աճին զուգահեռ գները կկայունանան` վերականգնելով նախկին մակարդակը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի թռչնաբույծների միությունը  մշտադիտարկումներ են  անցկացնում շուկայում: