Արմինֆո.Ռուսական բնական գազի գինը Հայաստանի համար 2018 թ. ընթացքում կպահպանվի 1 հազար խմ դիմաց $150:
«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում:
Ինչպես նշվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ընդունելով էներգետիկ շուկաների և գազատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը, ինչպես նաև գազամատակարարման հուսալիության ապահովման անհրաժեշտությունը, ելնելով ՀՀ տնտեսության համար համակարգաստեղծ ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում՝ «ՀայՌուսգազարդե փակ բաժնետիրական ընկերություն) կայուն տնտեսական վիճակի պահպանման շահերից՝ առաջարկվում միջկառավարական համաձայնագրում «2017թ. դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2018թ. դեկտեմբերի 31-ը» բառերով:
Հոկտեմբերի 24-ին Երևանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայ գործընկեր Կարեն Կարապետյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի համար գազի հատուկ գինը կպահպանվի նաև 2018 թվականին: «Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանի ընդհանուր տնտեական և ներդրումային իրավիճակի բարելավմանը»,- հայտարարել էր Մեդվեդևը:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |