Արմինֆո. Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 38 տոկոսով` հասնելով 2,6 մլն դոլարի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը, հաղորդում է Kazakh TV-ն: Դեսպանի ասելով, դրական դինամիկան շարունակվում է ամրապնդվել` չնայած համաշխարհային տնտեսության բացասական միտումներին: Ներկայում Ղազախստանը Հայաստան է արտահանում դեղագործական, քիմիական արդյունաբերության արտադրանք, թղթե և ստվարաթղթե իրեր, սննդամթերք, քար և գիպս:
Դիվանագետի ասելով, դրական տեղաշարժերը տեսանելի են Հայաստանի մասնավոր փոխանցումների ոլորտում: Միջին հաշվով այդ թիվը կազմում է տարեկան 20-25 մլն դոլար, սակայն 2017 թվականին ցուցանիշը կարող է զգալիորեն ավելանալ: «Այս տարի, ըստ երևույթին, նույնիսկ, կհասնի ռեկորդային մակարդակի: Այդ պատճառով վիճակագրությունը ցույց է տալիս տնտեսական ակտիվության աճ: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ կարող ենք ականատես լինել այն բանին, որ մասնավոր փոխանցումների այդ ծավալը կհասնի մինչև 40 մլն դոլար: Հայաստանը, որպես ԵԱՏՄ գծով դաշնակից, շատ գործուն պատրաստակամություն և գործունեություն է դրսևորում ոչ միայն առևտրի, այլև ներդրումային ոլորտում: Այսօր Ղազախստանն ու Հայաստանը հարաբերութկունները զարգացնում են բոլոր ոլորտներում: Երկրների համար հատուկ նշանակություն ունեն տրանսպորտային հասանելիության հարցերը: Ներկայում քննարկվում է Հայաստանով «Հյուսիս-Հարավ՚ փոխադրամիջանցքի կառուցման գործում ղազախստանյան ներդրողների մասնակցության հնարավորությունը, Կասպից ծովով մուլտիմոդալ լոգիստիկայի մշակմանը, ինչպես նաև «Մեղրի՚ հատուկ տնտեսական գոտու կառուցումը՚, - հայտարարել է ՀՀ-ում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
Մինչդեռ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրի շրջանառությունը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 6,8 մլն դոլար` 41,6% տարեկան աճով: Ընդ որում, արտգահանումը կազմել է 3,9 մլն դոլար` 19,9% անկում, իսկ ներմուծումը`2,9 մլն դոլար` 5,9 անգամ տարեկան աճ: