Արմինֆո. Հայաստանում, պաշտոնական տվյալներով, կան 7400 բազմազավակ ընտանիք, որոնց ավելի քան 86% -ն ստանում է նպաստ, իսկ 70% -ն ապրում է հանրակացարաններում: Այս մասին դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:
Նա նշել է, որ նախարարության կողմից նախաձեռնված`Հայաստանի բազմազավակ ընտանիքներին աջակցելու մասին օրինագիծը ներկայացվել է կառավարությանը, որը, ըստ նրա, քննարկվել է ոչ միայն պետական կառույցների ներկայացուցիչների, այլ նաև բազմազավակ ընտանիքների անդամների մասնակցությամբ: «Վերջին չորս տարիներին մենք ուսումնասիրել ենք Հայաստանում բազմազավակ ընտանիքների հետ կապված իրավիճակը, ինչպես նաև լավագույն միջազգային փորձը: Մշակելով այս նախագիծը, մենք հաշվի ենք առել տնտեսական զարգացման մակարդակը, մշակութային արժեքները և այլն», - ընդգծել է Վ. Բաբաջանյանը: Ըստ նրա տրամադրած տեղեկատվության, նոր օրինագիծը բազմազավակ ընտանիքների աջակցությունը տեսնում է մի շարք ուղղություններով: Մասնավորապես, անվճար բժշկական ծառայություն: «Թե ինչպիսի բժշկական ծառայություններ են նախատեսվում, որոշում է ՀՀ կառավարությունը», - հավելել է նա: Միևնույն ժամանակ, բազմազավակ ընտանիքների երեխաները նախադպրոցական հաստատություններ կընդունվեն առանց հերթի և 50% զեղչով: Նույն պայմաններն են նախատեսվում նաև բուհերի ուսանողների համար:
Վ. Բաբաջանյանը նշել է, որ բազմազավակ ընտանիքների երեխաները նաև կընդգրկվեն բնակարանային պրոբլեմների լուծման պետական ծրագրերում: Միևնույն ժամանակ, նրանց կտրամադրվեն հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններ: Օրինագիծը նաև արտանություններ է նախատեսում կենցաղային տեխնիկայի ձեռքբերման հարցում:
Նախատեսվում է նաև բազմազավակ ընտանիքների անդամների զբաղվածության և ինքնազբաղման հարցը, մասնավորապես, խոսքը գնում է ընտանեկան բիզնեսի զարգացման, գյուղատնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման մասին և այլն: «Բազմազավակ ընտանիքների հարցում մենք ցանկանում ենք անցում կատարել նպաստներից դեպի ինքնաբավություն: Ի վերջո, որքան կարելի է վճարել նպաստներ, որպեսզի ընտանիքն ի վերջո դառնա ինքնուրույն: Եվ, կարծում եմ, այս մեխանիզմը Հայաստանում կաշխատի: Որովհետև, առաջին հերթին, հայերն աշխատասեր են, երկրորդը`այլընտրանք չունենք», - եզրափակել է փորձագետը:
Նշենք, որ նոր օրինագծով «Բազմազավակ ընտանիք» տերմինը ենթադրում է այնպիսի ընտանիք, որտեղ ապրում են 4 և ավելի երեխաներ: