Արմինֆո. Հայաստանն արել է ավելին, քան հնարավոր է՝ Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի գործնական իրականացման համար: Այդ մասին Վիեննայում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Ըստ որում, ԵՏՀ նախարարը մինչև ընթացիկ տարվա վերջն Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հնարավորության հույս է հայտնել: «Հուսով եմ, որ արդեն այս տարի Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի»,- ասել է Վալովայան:
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ը հայտարարել է Եվրասիական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման գաղափարին աջակցելու մասին: «Հայաստանն ակտիվորեն աջակցում է ԵԱՏՄ և Իրանի միջև բանակցություններին՝ ուղղված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը»,- նշվել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Իրանը և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կստորագրեն մի քանի ամսից:
Նշենք, որ ԵԱՏՄ և Իրանի պատվիրակությունները դեռ ընթացիկ տարվա հունիսին ավարտել են ԱԱԳ ստեղծման ժամանակավոր համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքը: Տվյալ փուլում կողմերը համաձայնեցնում են սակագնային քաղաքականությունը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն՝ վկայակոչելով ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ հայտնել էր արդեն 2017 թվականին ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու հնարավորության մասին:
ԵԱՏՄ և Իրանի միջև ԱԱԳ ստեղծումը կարևոր նշանակություն ունի Սյունիքի մարզի զարգացման համար: Դա թույլ կտա Հայաստանին կապող օղակ հանդիսանալ Թեհրանի և ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկայի միջև: Այդ կամուրջից հետագայում կարող են օգտվել նաև եվրոպական բիզնեսի ներկայացուցիչները: ԱԱԳ ստեղծման համար կպահանջվի $32 մլն: ՀՀ կառավարությունն Իրանի հետ սահմանին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը հաստատել է 2017 թ. օգոստոսի 3-ին: