Արմինֆո. Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցավ Ամերիաբանկի Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի, Գոլդեն Սթեյթ բանկի Խորհրդի նախագահ Ռոբերտ Սեդրակյանի հանդիպումը Կալիֆորնիայի գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի համագործակցության հուշագրի ներքո քննարկվեցին մի շարք հարցեր: Հանդիպումը նպատակ ուներ մոտեցնել Հայաստանի և Կալիֆորնիայի սահմանները, ընդլայնել ու խթանել բիզնեսի զարգացումը և հասանելի դարձնել անշարժ գույքի շուկաները:
Հիշեցնենք, որ համաձայն հուշագրի` հայաստանյան այն ընկերությունները և ֆիզիկական անձնիք, ովքեր ցանկանում են ստանալ բանկային ծառայություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ բիզնես վարել Կալիֆորնիա նահանգում, ունեն վստահելի գործընկեր ի դեմս Գոլդեն Սթեյթ բանկի, որին կարող են դիմել Ամերիաբանկի միջնորդությամբ:
Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունները և ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն օգտվելու Ամերիաբանկի պրոդուկտներից և ծառայություններից Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ:
Ըստ Արմինֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամերիաբանկը շուկայի առաջատարն է վարկային ներդրումների ծավալով`442 մլրդ դրամ (ակտիվների 66.2%-ը), ապահովելով այս ցուցանիշի տարեկան 25.4% աճ: ՓՄՁ վարկավորման ծավալով Ամերիաբանկը գտնվում է առաջատարների եռյակում`80.4 մլրդ դրամի տարեկան 20,8% աճով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ՓՄՁ-ների մասնաբաժինը կազմում է 19.3%: ՓՄՁ վարկավորման ընդհանուր ծավալներում Ամերիաբանկի մասնաբաժինը կազմել է ավելի քան 12.5%: 2017 թվականի 9 ամիսներն Ամերիաբանկը եզրափակել է 5,4 մլրդ դրամի զուտ շահույթով, տարեկան աճը`53.6%: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 30.09.2017թ. դրոթւյամբ կազմել է 478,41 դրամ /դոլար):
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%: