Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հանդես է եկել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծման և շահագործման վերաբերյալ շրջանառության մեջ դրված որոշումների նախագծի շուրջ զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումների և մտահոգությունների առնչությամբ պարզաբանմամբ:
««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասինե ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը:
Այդ իսկ պատճառով, նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները:
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի մասին ՀՀ օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակվել և ամբողջացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի քննարկումների արդյունքում»,- ասված է պարզաբանման մեջ:
Ըստ որում, պարզաբանման մեջ խոսք անգամ չկա այն մասին, երկիր ներմուծումից բացի, արգելվում է նաև աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների վերագրանցումը: Փաստորեն, նման մեքենայի սեփականատերը կարող է շահագործել այն, բայց ահա վաճառել կամ փոխանակել չի կարողանա:
Նշենք, որ այդ որոշումը հարուցել է աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցներ շահագործողների խիստ դժգոհոթյունը: Ներկայումս Հայաստանում աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները կազմում ենմեքենաների ընդհանուր թվի 25- 30%-ը: