Արմինֆո. «Բոլոր մթերքները, որոնց անվտանգությունը կասկած է հարուցում, փորձաքննություն են անցնում»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը՝ անդրադառնալով Հայաստանում վաճառքում անորակ հավի մսի, ձիու մսի, ավանակի մսի ու կասկած հարուցող այլ մթերքների առկայության մասին՝ հասարակական արձագանք գտած հրապարակումներին:
Առաքելյանը հավաստիացրել է, որ տավարի մսի անվան տակ ձիու և ավանակի մսի իրացման վերաբերյալ տեղեկատվույթունը չի համապատասխանում իրականությանը: «Իրականում մենք անհայտ ծագման միս ենք հայտնաբերել պահեստում: Այն չի ունեցել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, և դա մեզ համար հիմք է հանդիսացել փորձաքննություն անցկացնելու համար: Մենք տեղեկություններ ունենք, որ այդ միսը գողացված է: Այժմ միսը գտնվում է փորձաքննությունում, և երբ այն ավարտվի, կհրապարակենք ստացված արդյունքները»,-ընդգծել է մամուլի քարտուղարը:
Նա նշել է, որ սննդամթերքի որակի մանրամասն ստուգումը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության առաջնահերթ խնդիրներից մեկն է: «Ներկայումս հնարավոր ամեն բան անում ենք՝ պարենային շուկայում ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: «Մենք մշակում ենք նոր օրինագծեր, որոնք ավելի խիստ են իրենց հայեցակարգով, ինչպես նաև անցկացնում ենք մի շարք միջոցառումներ՝ մոտ ժամանակներս նման միջադեպերը նվազագույնի հասցնելու նպատակով»,- հավաստիացրել է Առաքելյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի շուկայում սալմոնելայով վարակված հավի մասի առկայությանը՝ Առաքելյանը հայտարարել է, որ ինչպես ներմուծված, այնպես էլ հայրենական հավի մսի բոլոր նմուշները տվյալ պահին գտնվում են փորձաքննությունում: «Փորձաքննության ավարտից հետո մենք անպայման կհրապարակենք արդյունքները: Մենք անում ենք հնարավոր ամեն բան՝ ապահովելու մեր սպառողի անվտանգությունը»,- հայտարարել է մամուլի քարտուղարը:
Նա նաև նշել է, որ տարվա ընթացքում ՍԱՊԾ-ն անցկացրել է 1200 ստուգում, և 300 դեպքում, երբ ինչ-որ խախտում կամ անհամապատասխանություն է հայտնաբերվել, հիշյալ մթերքների իրացումը դադարեցվել է: «Կարող եմ ձեզ նշել մեր կողմից կատարված աշխատանքի թվերը միայն, իսկ մնացածը թող սպառողները որոշեն: Սակայն, ուզում եմ նշել, որ հասարակայնության հետ պետական կառույցների սերտ փոխգործակցության արդյունքում մեզ կհաջողվի խուսափել տհաճ միջադեպերից և խախտումներից»,- ասել է Առաքելյանը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի պարենային շուկայի ներկայիս վիճակն ուղղակի սարսափելի է: «Եթե հավի մսի 9 նմուշից 5-ը չի համապատասխանում ստանդարտներին և սննդում օգտագործման համար պիտանի չէ, էլ ինչ կարող ենք խոսել: Դրանից կարելի է եզրակացնել, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բացարձակապես մեր շուկա ստացվող մթերքների նկատմամբ հսկողություն չի իրականացնում»,- հայտարարել է Պիպոյանը:
Նա նաև նշել է, որ ծուխն առանց կրակի չի լինում, և հայտարարությունները, որ շուկայում ձիու միս և սալմոնելայով վարակված հավի միս է վաճառվում, ամենայն հավանականությամբ, համապատասխանում են իրականությանը: «Այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, իրենց աշխատանքի նկատմամբ մեր պետական կառույցների անփույթ վերաբերմունքի հետևանք է: Հասարակությունում խուճապ է սկսվել, և այն հնարավոր չէ կանգնեցնել: Իհարկե, վարչապետը կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց այդ հարցը և հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, սակայն մեր դեպքում արդեն ոչ մի միջոց չի փրկի իրավիճակը: Դրական արդյունք կարող են տալ միայն կադրային փոփոխությունները»,- նշել է փորձագետը:
Նշենք, որ դեկտեմբերի 14-ին մամուլում տեղեկություն էր հայտվել այն մասին, որ Հայաստանի շուկայում տավարի մսի անվան տակ ձիու և ավանակի միս է հայտնվել, իսկ հավի մսի 9 նմուշից 5-ը, պարզվել է, սննդում օգտագործման համար պիտանի չէ, իսկ որոշ նմուշներում սալմոնելա է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ Հայաստանի վաճառասեղաններում, իրականացված մանրէաբանական փորձաքննության հետևանքով, հայտնաբերվել է 35 տոննա վարակված թռչնամիս: Սակայն, այդ տեղեկությունները վերաբերել են ոչ թե տեղացի արտադրողներին, այլ՝ ներմուծողներին: Մամուլում տեղեկություն էր հայտնվել նաև շուկայում անորակ հատիկային մթերքների առկայության մասին: