Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զեկուցվել է, որ նախագծերով առաջարկվող փոփոխությունները միտված են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումերի տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործընթացի, սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողության իրականացմանը: Առաջարկվում է ՀՀ կառավարությանն օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաներին և ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները: Սահմանվելու են վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջերը խախտողներին:
Կարեն Կարապետյանն ընդգծել է այս ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացումը և կարևորել, որ օրինագծերի փաթեթով սկզբունքորեն բարձրացվում է գազաբալոնների տեղադրման և շահագործման անվտանգության մակարդակը: