Արմինֆո. Երևանի բնակիչների 67,9%-ը դրական է գնահատում մայրաքաղաքի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները: Այդ մասին դեկտեմբերի 29-ին հայտարարել է «GALLUP International association» միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ, MPG ընկերության տնօրեն Արման Նավասարդյանը՝ պատմելով դեկտեմբերի 16-22-ն անցկացված «Երևանցիները Երևանի մասին» սոցհարցման տվյալների մասին:
Խոսելով մայրաքաղաքի խնդիրների մասին՝ հարցվածների 34,3%-ը որպես հիմնական խնդիր նշել է հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրները, 32,8%-ը՝ գործազրկությունը, 29,1%-ը՝ աղբի հետ կապված խնդիրները, 7,3%-ը՝ խցանումները:
Նա նշել է,որ դրական փոփոխությունների թվում հարցվածների մեծ մասը նշել է պայմանների բարելավումը զբոսայգիներում և պուրակներում, ինչպես նաև մանկական խաղահրապարակների ստեղծումը: Այն հարցին, թե ինչ ոլորտներ պետք է զարգացնեն իշխանությունները, հարցման մասնակիցները նշել են, որ անհրաժեշտ է զարգացնել մշակույթի ոլորտը, շարունակել քաղաքի կանաչապատման ծրագիրը, ինչպես նաև ավելի շատ սպորտային միջոցառումներ կազմակերպել: «Երևանի բնակիչներին հատկապես մտահոգում է տրանսպորտի, ինչպես նաև քաղաքի լուսավորման հետ կապված խնդիրները: Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ պետք է անեն իշխանությունները զբոսաշրջության զարգացման համար, շատերը նշել են, որ անհրաժեշտ է պահպանել մշակութային արժեքները և հին շենքերը, հարցման որոշ մասնակիցներ հայտարարել են, որ անհրաժեշտ է վերականգնել հին Երևանի շենքերը, հարցվածների մեծ մասը հայտարարել է, որ զբոսաշրջության հաջողության գրավականը կապված է գնային քաղաքականության և քաղաքի կանաչապատման հետ»,- հայտարարել է Նավասարդյանը:
Այն հարցին, թե ինչպես են մայրաքաղաքի բնակիչները գնահատում Երևանի ընդհանուր տեսքը՝ 15,3%-ը պատասխանել է՝ «շատ լավ»: Հարցվածների կարծիքով, աղբահանության հետ կապված ամենավատ իրավիճակը Նորք- Մարաշում և Կենտրոնում է, իսկ ամենալավը՝ Աջափնյակում: Ամենամաքուր փողոցները, հարցման տվյալների համաձայն, Դավիթաշեն համայնքում են, իսկ ամենակեղտոտները՝ մայրաքաղաքի կենտրոնում:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի փողոցներում տեսահսկողության սարքերի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքին՝ 27,7%-ը հայտարարել է, որ ճանապարհային երթևեկությունը դրանց տեղադրումից հետո բարելավվել է, իսկ 6,1%-ը հայտարարել է, որ վատթարացել է:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը, անդրադառնալով քաղաքացիների դժգոհությանը, հայտարարել է, որ «Սանիտեկ» ընկերությունը լավ է կատարում իր աշխատանքը, և շուտով բոլոր խնդիրներն անցյալում կմնան, իսկ փողոցների մաքրության առնչությամբ նշել է, որ եթե քաղաքացիները դադարեն աղբը նետել աղբանների կողքը, փողոցներն ավելի մաքուր կդառնան: