Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրվել էր խորհրդակցություն մի շարք ներդրումային ծրագրեր քննարկելու նպատակով, որը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:
Ընդհանուր առմամբ, ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 6 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում նախատեսվում է հիմնել շամպայն գինիների գործարան, Լոռիում ընդլայնել հատապտուղների, մասնավորապես` ազնվամորու արտադրությունը, Գեղարքունիքի մարզում հիմնել կերերի արտադրություն ձկնարդյունաբերական և անասնապահական տնտեսությունների համար և այլն:
Խորհրդակցության ընթացքում փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է մարզերից ներկայացվող ծրագրերի սուբսիդավորման կարգը, և առաջիկայում ձևավորվելու է հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, որն ըստ հաստատված չափորոշիչների կորոշի ծրագրերի սուբսիդավորման չափը:
«Ծրագրերից երեքը դրական եզրակացություն ստացան և առաջիկայում կարգն ընդունելուց հետո կարող են դիմել համապատասխան ֆինանսական կառույցներին պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Եվս մեկ ծրագիր կօգտվի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի ծրագրից», - նշել է, փոխնախարարը:
Ռոբերտ Մակարյանը նաև ընդգծել է, որ ծրագրերի շահառուները բիզնես-ծրագրեր կազմելու նպատակով պետք է դիմեն ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղեր, որից հետո կկատարվեն ֆինանսական հաշվարկներ, և ծրագրերը կուսումնասիրվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Ծրագրի շահառու, «Քյոշ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Վահե Քեուշգուերյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը մտադիր է Վայոց ձորի Խաչիկ համայնքում հիմնադրել շամպայն գինիների գործարան, որի տարեկան արտադրության ծավալը, աստիճանաբար աճելով, կկազմի մոտավորապես 100-110 հազար շիշ:
«Գինեգործության ոլորտում շատ ավելի պոզիտիվ մոտեցում կա, քան այլ ոլորտներում: Քանի որ գինեգործությունն արագորեն զարգանում է, իմ կարծիքով ճիշտ է, որ կառավարությունը ֆինանսավորում է այս ուղղությունը», - նշել է նա:
Պատասխանատուները շահառուների հետ քննարկել են ներկայացված ծրագրերի արդյունավետությունը, ֆինանսական գնահատականներն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները: