Արմինֆո. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սոցիալապես նշանակալի ապրանքների շուկայում չարաշահումներ չի հայտնաբերել այն ճյուղերում, որտեղ առկա են շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: Հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով թանկացումների առնչությամբ սոցիալական նշանակության ապրանքների շուկայի դիտարկման արդյունքները:
Շաբոյանի ասելով, հանձնաժողովը մանրամասն հաշվարկներ է իրականացրել հարկային փոփոխությունների առնչությամբ ապրանքնների գների համահարաբերակցության աստիճանը պարզելու նպատակով: Դիտարկման արդյունքների համաձայն, 1 լ բենզինի գինը բարձրացել է 20 դրամով, 1 լ դիզելային վառելիքինը` 60 դրամով, 1 խմ հեղուկ գազինը` 20 դրամով: Այսպես, 2018 թվականի հունվարից բենզինի ներմուծման ակցիզային հարկը կկազմի 40.000 դրամ` նախկին 25.000 դրամի դիմաց (1 տոննայի հաշվարկով): Ընդ որում, ակցիզային հարկի և ԱԱՀ գումարը 120 հազար դրամից բարձրացել է մինչև 135 հազար դրամ, ինչն, իր հերթին, ազդել է վերջնական գնի վրա: Ընդ որում, մինչև 2018 թիվը դիզելային վառելիքի ներմուծումն ու վաճառքը ենթակա չէր ԱԱՀ հարկման, իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր առնվազն 35 հազար դրամ 1 տոննայի դիմաց: Արդեն հունվարից ակցիզային հարկը կրճատվել է, կազմելով, 13 հազար դրամ: Սակայն, դրան զուգընթաց, ավելացել է ԱԱՀ, ինչը հանգեցրել է 1 լիտր դիզելային վառելիքի 60 դրամով թանկացման: Ինչ վերաբերում է հեղուկ գազին, ապա, Շաբոյանի ասելով, ակցիզային հարկն ավելացել է 16670 դրամով` 8830 դրամից մինչև 25 հազար դրամ, գումարած ԱԱՀ գումարը, ինչը հանգեցրել է, ընդհանուր առմամբ, 20 հազար դրամով թանկացման: Արդյունքում, ՏՄՊՊՀ նախագահի ասելով, պարզվել է, որ թանկացումները լիովին պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի փոփոխություններով:
Միևնույն ժամանակ, համեմատելով բենզինի և դիզելային վառելիքի գները Հայաստանում ու Վրաստանում, Արտակ Շաբոյանը հավաստիացրել է, որ դրանք, գործնականում, նույնական են: Ինչպես նշել է ՏՄՊՊՀ նախագահը, դրանց աննշան տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստան ներմուծվող բենզինը տարանցվում է Վրաստանի տարածքով, և տրանսպորտային ծախսերն էապես ազդում են վառելիքի վերջնական արժեքի վրա: Բացի այդ, Վրաստանը վառելիք է ներմուծում նաև Ադրբեջանից և Թուրքմենստանից:
Նշենք, որ 2018 թվականին Հայաստանում զգալիորեն բարձրացել են թռչնամսի, կարագի, բենզինի, հեղուկ գազի, ոգելից խմիչքների, հավկիթի, շաքարի և այլ ապրանքների գները: Առաջիկայում սպասվում է ծխախոտի թանկացում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թանկացումները պայմանավորված են ավելի քան 800 ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացմամբ: Դրանք, հիմնականում, պայմանավորված են այն հանգամանքով, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնել նոր Հարկային օրենսգիրքը, ինչպես նաև` ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքը, ինչը ենթադրում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: Գնաճը քննարկելու նպատակով հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` գնաճի հետևանքների հնարավոր մեղմմանը նպատակաուղղված որոշումներ մշակելու նպատակով: Կառավարությանը հանձնարարվել է կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկը, որոնց գներն ավելացել են հարկային կամ օրենսդրական փոփոխությունների հաշվին, և ներկայացնել դրանց գների բարձրացման հետևանքների մեղմման տարբերակներ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել է վճռական միջոցներ ձեռնարկել ապրանքային շուկաներում գների չհիմնավորված բարձրացման դեպքում, ուսումնասիրել հացահատիկի և ալյուրի շուկայում գնագոյացման գործընթացը և համապատասխան առաջարկներ ներկայացնել` խնդիրների առկայության դեպքում: