Արմինֆո. Հայաստանում և Ադրբեջանում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները գրեթե նույնն են: Այս մասին հունվարի 23-ին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ խորհրդարանում կայացած գնային բարձրացումների վերաբերյալ լսումների ընթացքում:
Ըստ նրա, գոյություն ունի հեքիաթ, որ աշխատավարձը Հայաստանում շատ է զիջում աշխատավարձերին Վրաստանում և Ադրբեջանում: Սակայն, երբ համեմատում ենք վրացիների և ադրբեջանցիների կենսաթոշակների ու աշխատավարձերի հետ, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը գտնվում է ավելի լավ վիճակում: «Այս ցուցանիշներով մենք ետ ենք մնում միայն մեր ռազմավարական գործընկերոջից`Ռուսաստանից», - ասել է Արթուր Ջավադյանը:
Նշենք, որ 2016-ի վերջին Հայաստանում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մասնաբաժինը կազմել է $ 3532: 2017-ի արդյունքներով, ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել էին Ֆինանսների նախարարությունում, սպասվում է`$ 3699, իսկ 2018-ի վերջին`$ 3985: Ընդ որում, ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ 2020-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի $ 4,700, ներկայիս $ 3,500 փոխարեն: Ընդ որում, ինչպես բացատրել էր ՀՀ ֆինանսների նախարարը, հաշվարկը կատարվել է, հիմք ընդունելով 480 դրամ/դոլար փոխարժեքը: Մինչդեռ, մայիսի 18-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նոր գումարման խորհրդարանի պատգամավորներին, հայտարարել էր, որ 2040 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նախատեսվում է բարձրացնել մինչև $ 15,000, հաշվի առնելով թե ՀՆԱ-ի աճը և թե ժողովրդագրական իրավիճակի բարելավումը: Միևնույն ժամանակ, ըստ ԱՄՀ-ի 2017-ի հոկտեմբերի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցի, 2017 թվականին Ադրբեջանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է $ 140 (կամ 3.5%) և կհասնի $ 4,100-ի: Ի դեպ, այսօր Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է մոտ 188 հազար դրամ (մոտ $ 390), Ադրբեջանում`մոտ 520 մանաթ (մոտ $ 305):