Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ:
Նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը, առաջարկություններ ներկայացրել լրամշակումներ կատարելու վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում որոշվել է ամփոփել ստացված առաջարկությունները` համապատասխան խմբագրումներ կատարելով նախագծում, լրամշակված տարբերակը ներկայացնել ՀՀ առողջապահության, բնապահպանության նախարարություններ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ինչպես նաև աշխատանքային խմբում ընգրկված հասարակական հատվածի ներկայացուցիչներին` նրանց կարծիքները ստանալու նպատակով, որպեսզի մեկամսյա ժամկետում խումբն ունենա օրենքի նախագծի փոխհամաձայնեցված տարբերակ, որը կտա առկա խնդիրների կարգավորումներն ու լուծումները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ հունվարի 26-ին ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, հաշվի առնելով հանրային հետաքրքությունը, նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով և առաջարկել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նույնպես մասնակցել քննարկմանը և հանդես գալ ելույթներով:
Օրերս Ծաղկաձորում կայացած սեմինարում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարը Իշխան Կարապետյանը նշել էր, որ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակվում է գենետիկորեն ձևափոխված սնունդ հանրապետություն ներմուծման կարգավորման և սահմանափակման օրենսդրական փաթեթը: Բացի այդ, նրա խոսքով, որ այդ ծառայությունը մտադիր է ստեղծել ԳՁՕ պարունակող ապրանքների մակնշման համակարգ, որենո կվաճառվեն առանձին վաճառասեղանների վրա: «Սպառողը պետք է իմանա, թե ինչ է գնում և անի գիտակցված ընտրություն», - ասել է Կարապետյանը: Մա նաև տեղեկացրել է, որ մինչ օրս Հայաստան է ներմուծվել միայն 100 կգ ԳՁՕ ապրանք, որը կազմում է ընդհանուր ներմուծման 1%-ից ավելի քիչ: «Ես չեմ կարծում, որ սա վտանգավոր ցուցանիշ է: Թեև ես էլ եմ հանդես գալիս հայկական շուկայում ԳՁՕ պարունակող ապրանքների իրացման դեմ», - ընդգծել էր Կարապետյանը:
Իսկ ավելի վաղ, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում Իգնատի Առաքելյանը նշել էր, որ դեռևս 2013-ին Բնապահպանության նախարարությունը հանդես էր եկել Հայաստանում ԳՁՕ արտադրանքի օրենսդրական նախաձեռնությամբ, բայց որոշ անհայտ պատճառներով գործընթացը դադարեցվել է: «Մտադիր ենք վերադառնալ օրենսդրական նախաձեռնությանը և հասկանալ, թե որքանով է դա այսօր արդիական, և արդյոք կա դրա կարիքը», - ասել էր նա: