Ուրբաթ, 26 Հունվարի 2018 11:30
Նաիրա Բադալյան

Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը

Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը

Արմինֆո. Հունվարի 24-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, անդրադառնալով կառույցում Հայաստանի նախագահությանը՝ ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը որպես նախագահող երկիր առաջիկա վեց ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության կարևրությունը և առկա մեխանիզմների միջոցով կհետևի համաձայնեցված օրակարգի իրականացման գործընթացին:

Նա մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները, ընդգծելով, որ Հայաստանը կարևրում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀԿ տնտեսական օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀԿ արդյունավետության, ինչպես նաև կազմակերպության դերի և հեղինակության բարձրացումը:

Աշոտ Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում է նաև կազմակերպության հարակից մարմինների, դիտորդների, ոլորտային երկխոսության գործընկերների և գործարար շրջանակների հետ համագործակցության հետագա զարգացումը:

Նիստի արդյունքում հաստատվել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է Հայաստանում և կազմակերպության անդամ-երկրներում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումներ:

Նիստից հետո հայկական նախագահությունը ՍԾՏՀԿ կենտրոնակայանում կազմակերպել է ընդունելություն: