Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունի հետ հանդիպման ժամանակ կարևորել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետևողական զարգացումը, ընդգծելով, որ հայկական կողմը հետաքրքրված է չինաստանցի ներդրողների հետ փոխգործակցության ակտիվացմամբ ու ընդլայնմամբ, և երկրում ստեղծված համապատասխան ռեժիմներն ու միջավայրը բարենպաստ են Հայաստանում ներդրումային նոր ծրագրերի իրականացման համար:
«Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կարող ենք նոր թափ հաղորդել ՀՀ տնտեսության մեջ չինական կապիտալի ներկայության ընդլայնմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Չինաստանի դեսպանն իր հերթին նշել է, որ ՀՀ-ում 2017 թվականին արձանագրված տնտեսական ցուցանիշները նպաստավոր պայմաններ են ստեղծում նոր հաջողություններ արձանագրելու, տնտեսական կապերի ընդլայնման համար: «Ունենք լավ հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման համար: Մեր երկու երկրների միջև 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրաշրջանառությունն աճել է 34,5 տոկոսով, ինչը լավ դինամիկա է հաղորդել երկկողմ կապերի աշխուժացմանը»,- ասել է Թյան Էրլունը, ավելացնելով, որ Չինաստանի կառավարությունը պատրաստ է կոնկրետ ծրագրերի ուղղությամբ էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ: Դեսպանը տեղեկացրել է, որ Երևանում չինարենի դպրոցի կառուցման ծրագրի նպատակով հատկացվել է 15 մլն դոլար, բացի այդ՝ չինական կողմի նախաձեռնությամբ ընթացիկ տարում շարունակվելու է Հայաստանի շտապ օգնության ավտոպարկի համալրման ծրագիրը:
ՀՀ վարչապետը և Չինաստանի դեսպանը քննարկել են արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հավելենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառությունը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 548,3 մլն դոլար` 34,5 % աճ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Արտահանումը կազմել է 110,2 մլն դոլար` 25,65 տոկոս աճ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ներդրումը կազմել է 438,1 մլն դոլար` 37% աճ: