
Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում գյուղատնտեսության բնագավառում հայ-լիբանանյան հարաբերությունները կշարունակեն խորանալ և ընդլայնվել:
«Հայաստանի և Լիբանանի միջև առկա է գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մեծ ներուժ, և մենք պատրաստ ենք լիբանանյան կողմի հետ քննարկել տարբեր առաջարկներ, այդ թվում` նաև ներդրումային ծրագրերի իրականացման և արտահանումների կազմակերպման վերաբերյալ», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսության ոլորտում որպես հայ-լիբանանյան համագործակցության լավագույն օրինակ կողմերը, մասնավորապես, հիշատակել են «Գարդենիա Լեբանիզ Ֆարմս» ընկերության գործունեությունը, որի ջանքերով 2015 թվականին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ:
Ելնելով Հայաստանի և Լիբանանի աշխարհագրական դիրքի նմանությունից` երկուստեք ընդգծվել է գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների միջև փորձի փոխանակման կարևորությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել 2004 թվականի ապրիլին «ՀՀ և ԼՀ գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության ընդլայնման և երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև գործնական կապերի ամրապնդման ուղղությամբ:-
RUB | 4.85 | 0.02 |
USD | 381.60 | -0.01 |
EUR | 440.37 | 0.72 |
GBP | 499.63 | 1.06 |
CAD | 270.45 | -0.35 |
JPY | 24.35 | 0.01 |
CNY | 53.70 | 0.03 |
CHF | 473.21 | -0.49 |

