Արմինֆո. 2018 թվականին շուրջ 81 մլն դոլար կներդրվի Երևանում մաքուր խմելու ջրի օգտագործման ոլորտում: Բացի այդ, նախատեսվում է ավարտել Հաղթանակ և Սիլիկյան շրջանների տներում անխափան ջրամատակարարում ապահովելու 3 մլրդ դրամի ծրագիրը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ծրագրի արդյունքում ակնկալվում է համակարգի կորուստների կրճատում և ջրամատակարարման վերականգնում:
Հարությունյանի ասելով, 81 մլն դոլար արժողությամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է լուծել երկրի մի շարք համայնքների ջրամատակարարման հարցը, որոնք մինչ այդ դուրս են մնացել ջրամատակարարման համակարգի օպերատորների ծածկույթի գոտուց (այսօր դրանք 560 են – խմբ.): 15 համայնքներում, ինչպես նշել է Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարը, արդեն ջրամատակարարման համակարգը վերականգնվել է, և շուտով կհանձնվի «Վեոլիա ջուր՚ ընկերության կառավարմանը:
Մնացած 545 համայնքների հարցի լուծումը դյուրին չի լինելու: Ինչպես նշել է Հարությունյանը, միայն դրանց ջրամատակարարման վերականգնման համար կպահանջվրի 250-300 մլն եվրո: Սակայն հարցը միայն ջրամատակարարման վերականգնումը չէ, քանի որ, միջազգային ստանդարտներին համաձայն, միաժամանակ անհրաժեշտ է լուծել ջրահեռացման հարցը: «Նույնիսկ, եթե մենք այդ հարցով դիմենք միջազգային վարկային կազմակերպություններին, մեզանից կպահանջեն խնդրի համալիր լուծում, իսկ դա նշանակում է շուրջ 700 մլն եվրո ներդրում: Հաշվի առնելով դա` կառավարությունը մտադիր է ապահովել բոլոր 560 համայնքների անցումը միասնական օպերատորի կառավարմանը` միայն փուլ առ փուլ՚, - հայտարարել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ֆրանսիական «Վեոլիա՚ ընկերության Արևելյան Եվրոպայի երկրների գծով փոխնախագահ Մալիկ Գենդուրին և «Վեոլիա ջուրի՚ գլխավոր գործադիր տնօրեն Քրիստիան Լաֆենն ստորագրել են վարձակալության պայմանագիր, որի շրջանակում ֆրանսիական ընկերությունը դարձել է Հայաստանի խմելու ջրի մատակարարման միասնական օպերատոր: Veolia Enviroment SA ջրային ծառայությունների խոշոր մատակարարը գործում է 66 երկրներում: Ըստ ստորագրված համաձայնագրի, «Վեոլիա ջուրը՚ Հայաստանում գործունեության ընթացքում պետությանը պետք է վճարի, ընդհանուր առմամբ, շուրջ 89,5 մլրդ դրամ (տարեկան ավելի քան 6 մլրդ դրամ), միևնույն ժամանակ, նախատեսվում է ընկերության աշխատանքների 37.5 մլրդ դրամի ծավալ: Ընդ որում, պետությունն իր կողմից կիրականացնի 200 մլն դոլարի ներդրումներ:
Ինչպես այն ժամանակ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել էր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության խորհրդական Մուշեղ Կարապետյանը, պետական քաղաքականությունն այն է, որրպեսզի մինչ օրս «ծածկույթից դուրս» մնացող տարածքները ներառվեն ջրամատակարարման միասնական օպերատորի սպասարկման գոտում: Մինչդեռ մայիս ամսին Հայստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել էր, որ այսօր «Վեոլիան» ոչ մի պայմանագրային պարտավորություն չունի, և համայնքային ջրային ենթակառուցվածքը միասնական օպերատորի կառավարմանը կարող է հանձնվել միայն անհրաժեշտ ջրային համակարգի ձևավորումից հետո: