Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում մտահոգություն է հայտնել ոռոգելի հողատարածքների օգտագործման չափազանց ցածր մակարդակի առնչությամբ:
«Վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես՝ միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։ Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսումե,-նշել է վարչապետը։
Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմների և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու, պաշտոնատար անձանց նման գործընթացը նախաձեռնելու հայեցողական լիազորությունը սահմանափակելու հարցերին։ «Կարծում եմ՝ սա խնդիր է, որովհետև մենք ջանքեր ենք գործադրում, միջոցներ ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքներն ավելացնենք, սակայն ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացինե,-նշել է Կարեն Կարապետյանը:
Ավելի վաղ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարել էր, որ 2017-ին 2016-ի համեմատ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8 հազար 930 հեկտարով կամ աճը կազմել է 9,2 տոկոս՝ հասնելով 97 հազար 470 հեկտարի: Նրա խոսքով, ոռոգվող հողատարածքները մեկ հեկտարի մասով 5130 խմ-ից հասցվել են 6001 խմ-ի: 2018 թվականին, ինչպես նշել են պետկոմիտեում, խնդիր է դրվել հանրապետության ոռոգելի հողատարածքների թիվը հասցնել 110 հազար հեկտարի: