Արմինֆո. Առաջիկա երկու ամսվա ընթացքում կամփոփվեն Հայաստանում արդյունաբերական նշանակության 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ -1՚ արևային էլեկտրակայանի շինարարության մրցույթի արդյունքները: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հաղորդել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նրա ասելով, մրցույթում հաղթող կճանաչվի այն ընկերությունը, որը կառաջարկի նվազագույն սակագին: Առաջին փուլում մրցույթին մասնակցության նկատմամբ հետարքրություն են դրսևորել 60 միջազգային ընկերություններ, որոնից 20-ը ներկայացրել են մրցութային փաթեթներ, և ընդամենը 10-ն են անցել եզրափակիչ փուլ: Հայկ Հարությունյանը նշել է, որ ցուցակում հայկական ընկերություններ չկան, խոսքը վերաբերում է միայն միջազգային ընկերություններին, որոնք ունեն որակավորում և աշխատանքի փորձ: Դա արվում է շուկայում կասկածելի հեղինակությամբ ֆիրմաների հայտնվելու հնարավորությունից խուսափելու նպատակով: Հավակնորդների թվում են ընկերություններ Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Եվրամիության երկրներից:
Ինչպես հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, արտադրության այդ օբյեկտում ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 65-70 մլն դոլար: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հաղորդել էր, որ նախագծի իրացման արդյունքում Հայաստանը կստանա մրցակցային և ռեկորդային ցածր սակագնով արևային էլեկտրակայան: Փոխնախարարը հրաժարվել է նշել սակագնի չափը, միայն ակնարկելով, որ այն պետք է լինի ավելի մատչելի` ջերմային բլոկների սակագների համեմատ: «Հույս կա, որ այն կլինի հիդրոէներգետիկայի օբյեկտների համար սահմանված սակագների սահմաններում՚, - նշել է Հայկ Հարությունյանը: Նրա ասելով, Հայաստանն ունի արևային էներգիայի լավ ռեսուրս, իսկ ներդրողների համար ստեղծված են լավ պայմաններ: Նշենք, որ ավելի վաղ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրամադրել է ֆոտովոլտաժային 12 կայաների կառուցման լիցենզիա, յուրաքանչյուրը մինչև 1 ՄՎտ հզորոթյամբ: Դրանցից երեք արևային էլեկտրակայաններն արդեն հանձնվել են շահագործման: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 129 միլիոն դոլար: Արդեն կան տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայաններ կառուցել Հայաստանի տարբեր մարզերում: Հետազոտված 6 տարածքներից երկուսի համար իսպանական Aries Engineering խորհրդատվական ընկերությունն արդեն ներկայացրել է տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները: Դրանք վերաբերում են Գեղարքունիքի մարզի «Մասրիկ» և Արագածոտնի մարզի «Դաշտադեմ» բնակավայրերին, իսկ մնացած չորս բնակավայրերի գծով ուսումնասիրությունները շարունակվում են: